Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում շարունակվում են բողոքի ցույցերը: Դեռեւս հուլիսի 20-ին մարդկային կուտակումներ կային հատկապես մոլդովական պառլամենտի շենքի առաջ, սակայն ոստիկանները շրջակայքն իսկույն պարսպապատեցին: Այժմ օրվա տարբեր ժամերին ցույցեր են լինում քաղաքի կենտրոնական փողոցներում եւ անգամ այգու տարածքում:
Ցուցարարները դեմ են ընտրական համակարգի փոփոխությանը իրենց երկրում: Նրանք պահանջում են, որ երկրի կարեւորագույն օրենքների փոփոխությունները կատարվեն հանրաքվեի եւ ոչ թե պառլամենտում` քվեարկության միջոցով:
Մինչ փողոցի մի ծայրում ցույցեր են, մյուս ծայրում նորապսակները լուսանկարվում են թանգարանի մուտքի մոտ: Մոլդովացիները հավատում են, որ հարս ու փեսա տեսնելիս պետք է երազանք պահել, քանի որ դրանք, ըստ իրենց, իրականանում են:
Մայիս ամսին էլ մոլդովական ընդդիմությունը ցույցեր էր անցկացնում պառլամենտի առաջ «Կորչի հանցագործ իշխանությունը», «Վերջ կոռուպցիային» եւ այլ բովանդակությամբ պաստառներով:
Ի դեպ, վերջերս կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել են Քիշնեւի քաղաքապետ Դորին Կիրտոակեն, նրա տեղակալը եւ այլ պաշտոնատար անձինք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մոլդովա