Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուկրաինան ցմահ ազատազրկված հայի գործը բեկանեց

Հուլիս 22,2017 15:00

Ուկրաինայում շահադիտական նպատակներով երկու անձի սպանության մեջ մեղադրվող, ցմահ ազատազրկման դատապարտված, ազգությամբ հայ Էդգար Գեւորգյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ բեկանվել է դատավճիռը, եւ գործն ուղարկվել է նոր քննության:
Դատարանը հաշվի է առել այն, որ հայ երիտասարդը թարգմանչով ապահովված չի եղել: Հիշեցնենք, որ գործը քննության էր առնվել Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում, եւ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել էր Նիկոլաեւ քաղաքի շրջանային դատարան՝ դատավոր Ե. Սելիվանովայի նախագահությամբ:

Դատավճիռը կայացվել էր կիրակի՝ ոչ աշխատանքային օրը, դրանով իսկ փորձ էր արվել «փակել, ավարտել» գործի քննությունը: Էդգար Գեւորգյանը մեղադրվել էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի 1-ին կետի 6-րդ մասով եւ 187 հոդվածի հատկանիշներով՝ ավազակային հարձակման եւ դիտավորյալ սպանության: Ըստ գործի նյութերի՝ նա գնացել էր Նիկոլաեւ քաղաքի կենտրոնում գտնվող խաղատներից մեկը, որը քննությամբ պարզվել է՝ գործել է անլեգալ, գրանցված չի եղել եւ պատկանել է ոստիկանության աշխատակցի: Էդգարը գումար է պարտվել, վերադարձրել է, վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում սուր կտրող, ծակող գործիքով դիտավորյալ մարմնական վնասվածքներ է պատճառել տեղի աշխատակիցներին, որոնք, ըստ քննության վարկածի, մահացել են, հափշտակել է խաղասրահում գումարը, դիմել է փախուստի: Ամբաստանյալի հարազատները երկու տարի առաջ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտնեցին, որ ականատես ոչ մի վկա չի եղել, իսկ մայրն էլ դեսպանին եւ ներկայացուցչին ասաց, որ նրանց աչքի առաջ կինքնահրկիզվի, եթե իր տղայի պատիժը չփոխվի, եւ իրական մեղավորները չդատապարտվեն:

Նկատենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն որեւէ անգամ զգացնել չտվեց իր քաղաքացու իրավունքների պաշտպանության մասին:

 

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31