Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակելու ենք պնդել, որ ՌԴ-ն դադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը»

Հուլիս 22,2017 14:30

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ

– ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու հռչակելու մասին աղմուկ հանած առաջարկին հետեւեց ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի: Այդ առաջարկին կողմ արտահայտվեց նաեւ մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Արամ Զ. Սարգսյանը: Իշխող Հանրապետականում տեսնո՞ւմ են նման անհրաժեշտություն, պատրա՞ստ եք կտրուկ քայլերի:

– Վոլոդինի հետ հանդիպմանը նաեւ ընդդիմությունից է մարդ եղել, բայց մեր գործընկերները կարծես ինֆորմացիային լավ չեն տիրապետում: ՌԴ Դումայի նախագահը նախ տեղյակ չէր, ինֆորմացված չէր, որ հայկական դպրոցներում 2-րդ դասարանից են ռուսերեն լեզու անցնում: Նա երեւի ինֆորմացիայի պակասից պատրաստ չէր այդ հարցուպատասխանին ու իր ձեւակերպումների մեջ ճիշտ չկարողացավ կողմնորոշվել: Ինչեւէ, կանցնի որոշ ժամանակ, եւ դուք արդյունքները կտեսնեք, մեզ համար կարեւորը խնդրի լուծումն է: Ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու խնդիր չկա: Լեզուն մեր ազգային արժեքն է, Հայաստանի Հանրապետությունում մեկ պետական լեզու կարող է լինել՝ հայերենը: Դա մեր դիրքորոշումն է, ինչը ներկայացվել է: Դա ընդունել են նաեւ մեր ռուս գործընկերները:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուն, նմանատիպ տարբեր հայտարարությունների պատճառով մենք չենք կարող վնաս հասցնել շատ դժվարությամբ ստեղծված ընտանիքին: Այդ ընտանիքում մենք բավականին առաջընթաց ունենք եւ պետք է շարունակենք:

– Դուք դարձյալ փորձում եք արդարացնել՝ Վոլոդինը տեղեկացված չէր, չգիտեր…

– Վոլոդինը թող ինքն իրեն արդարացնի: Պարզապես եթե դա ընդունում եք պաշտոնական հայտարարություն, ասեմ, որ վարորդական իրավունքի խնդիրները, ինչից առաջացավ ռուսաց լեզվի այս ողջ պատմությունը, լուծվում են ԵԱՏՄ-ի ընթացակարգերի շրջանակներում: Ուսումնասիրություններ են կատարվում, եւ ապագայում ականատեսը կլինենք այդ հարցի կարգավորման: Մնացածը թող Վոլոդինը եզրահանգումներ անի, եւ եթե անհրաժեշտություն կտեսնի, թող հերքումներ տա: Մեր առջեւ խնդիր դրված չէ ռուսերենը պետական լեզու դարձնելու:

– Ամեն դեպքում հասարակական շրջանակներում այդքան էլ գոհ չեն Վոլոդինի առաջարկին հայկական կողմի պատասխաններից: Արմեն Աշոտյանի հայտարարությունը, որ՝ մեր օրակարգում առայժմ նման խնդիր չկա, մտահոգվելու տեղիք է տվել այն իմաստով, որ չի բացառվում, որ մի օր էլ կարող է նման խնդիր առաջանալ:

– Հիմա ավելացրեք՝ չկա եւ չի կարող լինել: Սա էլ իմ հայտարարությունն է: Ու եթե մարդիկ գոհ չեն մնացել, սա իրենց կբավարարի:

– Չե՞ք կարծում, որ վարորդական իրավունքի եւ ռուսաց լեզվի այս խնդիրները Ռուսաստանն արհեստականորեն մտցրեց օրակարգ՝ փորձելով Հայաստանի վրա ճնշումներ գործադրել Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը խոչընդոտելու համար: Համենայնդեպս, նման տեսակետ կա:

– Դրանք ենթադրություններ են: Չէի ցանկանա դրանց անդրադառնալ: ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի համար օրակարգային հարց է, եւ իմ կարծիքով՝ դա դրական լուծում կունենա՝ մանավանդ, որ համաձայնագրով նախատեսված համագործակցությունը չի խոչընդոտում ԵԱՏՄ շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին:

– Չկա՞ն մտավախություններ, որ ԵՄ-ի հետ ստորագրվելիք նոր փաստաթուղթը կարող է արժանանալ նախորդի տխուր ճակատագրին:

– Ենթադրություններով չեմ ուզում առաջնորդվել, գործընթացները կզարգանան՝ կտեսնենք:

– Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասով դիրքորոշումը փոքր-ինչ կոշտացրել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Համենայնդեպս, իր վերջին հարցազրույցում նախագահն առավել հանդիմանանքով խոսեց այդ մասին, քան երբեւէ խոսել էր: Դա՞ ինչով էր պայմանավորված:

– Մենք միշտ քննադատաբար ենք մոտեցել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին: Այդ հարցը նորից բարձրացվել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Պետդումայի պատվիրակությունների վերջին հանդիպման ժամանակ. դա դատապարտելի է եւ մեր կողմից ընդունելի չէ: Նախագահի խոսքում դուք կոշտացում կամ երանգների փոփոխություն եք նկատել, բայց մեր դիրքորոշումը միշտ էլ դա է եղել:

– Ասացիք, որ վերջին հանդիպման ժամանակ էլ է այդ հարցը քննարկվել: Ռուսական կողմի արձագանքը ո՞րն է, նորից շարունակում են պնդել, որ դա զուտ բիզնե՞ս է:

– Ոչ, այս անգամ նման կտրուկ ձեւով պատասխան չհնչեց: Բայց մենք այդ հարցը միշտ բարձրացրել ենք, հետ չենք նահանջելու, շարունակելու ենք պնդել, որ դադարեցնեն Ադրբեջանին զենքի վաճառքը: Արձագանք առայժմ չկա, ապագայում կտեսնենք:

– Ձեր կարծիքով՝ նախագահ Սարգսյանը հարցազրույցում տվե՞ց ընդդիմադիրներին այդքան հուզող հարցի պատասխանը՝ 2018-ին ինքը լինելո՞ւ է վարչապետի պաշտոնում:

– Մենք նույնիսկ վաղվա հարց չենք քննարկում, ուր մնաց՝ 2018-ի հարցը: Ապագան ցույց կտա: Մենք այսօր ունենք վարչապետ, որը աշխատում է: Այդ հարցին կանդրադառնանք ավելի ուշ:

Իսկ այդ հարցազրույցով նախագահ Սարգսյանը հանրությանը, դաշնակից գործընկերներին եւ, ինչու ոչ՝ նաեւ թշնամիներին, տեղյակ էր պահում մեր դիրքորոշումները եւ ապագա անելիքները: Տողատակեր չբացենք: Ինչ որ ասաց նախագահ Սարգսյանը՝ բավարար էր հասկանալու համար:

– Այս հարցազրույցից հետո կարծում եք՝ տարբեր միջազգային կառույցներ եւ պետություններ կվերանայե՞ն իրենց դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ:

– Մեր նպատակը դա է, եւ դրական դինամիկան զգում ենք, առաջիկայում հանրության համար էլ տեսանելի կլինի:

 

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

21.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vartan says:

    մի առաջարկ ռուսներին . Հայաստանը ռուսերենը կը հայտարարի պաշտոնական երկրորդ լեզու իսկ դուք կը ճանաչեք Արցախի հանրապետության անկախությունը եվ նրա հողային ամբողջականությունը. նաեվ պատիվը կունենաք նոր հանրապետությունում բացել ձեր դեսպանատունը. վոնց է լավ?

  2. Նարեկ says:

    Ասում է. «Շարունակելու ենք պնդել, որ ՌԴ-ն դադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը»

    Է պնդի որքան կուզես, էնքան ՊՆԴԻ ու ՊՆԴԱՑՐՈՒ մինչեւ քարանա: Ռուսաստանը քո պնդումները բանի տեղ չի դնում, չես տեսնում??? թե տեսնում ու չտեսնելու ես տալիս??

    ՀՀԿ-ի որ պնդումն է Հայաստանին օգուտ բերել, որ այս մեկը բերի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31