Դափնու տերեւները եւ պտուղները օժտված են ախտահանող, հիպոգլիկեմիկ (իջեցնում է գլյուկոզայի կոնցենտրացիան արյան մեջ), ցավազրկող, հանգստացնող, հակառեւմատիկ ազդեցություններով:
Եթերայուղն ունի հակամանրէային, հակավիրուսային, հակասնկային ազդեցություն։
Պատրաստուկները կիրառվում են շաքարային դիաբետի, փսորիազի, մալարիայի ժամանակ։ Հնուց ի վեր օգտագործվել է մարսողության խանգարումների եւ ոչ բավարար քրտնարտադրության ժամանակ։
Եթերայուղը խորհուրդ է տրվում վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների, գրիպի, կանցիդոզի ժամանակ։
Արտաքին օգտագործման համար կիրառվում է բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների, հոդացավերի եւ ռեւմատիզմի ժամանակ։
Շաքարային դիաբետի ժամանակ 4֊10 գրամ տերեւները մանրացնել, ավելացնել 3 բաժակ եռման ջուր, թրմել 3 ժամ, քամել։ Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 3 անգամ։
Ոտքերի չափից դուրս քրտնարտադրության դեպքում 20-30 գրամ տերեւներին ավելացնել 0,5 լիտր եռման ջուր, թողնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե։ Օգտագործել ոտքերի լոգանքների ձեւով, քնելուց առաջ։
Հոդացավերի, արտրիտների ժամանակ 4-5 գրամ մանրացված տերեւներին ավելացնել 1,5 բաժակ եռման ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 5 րոպե, եփուկը (տերեւներով) տեղափոխել թերմոսի մեջ, թրմել 4 ժամ, քամել։ Ընդունել 1 օրվա ընթացքում կումերով։
Ռեւմատիզմի դեպքում 4֊30 գրամ մանրացված տերեւներին ավելացնել 1 բաժակ արեւածաղկի յուղ, թողնել մութ, տաք տեղում 10 օր, քամել։ Քսել հիվանդ հոդերին օրը 2-3 անգամ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
21.07.2017