Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնողների շարքում է

Հուլիս 21,2017 23:29

Օրերս հրապարակվեցին Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Սինեմ Աքգյուլ Աչըքմեշեի ղեկավարությամբ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության ընկալումների վերաբերյալ այդ երկրի քաղաքացիների կարծիքն արտահայտող ուսումնասիրության արդյունքները:

Կատարված աշխատանքը լավագույնս ուրվագծում է վերջին տարիներին արտաքին և ներքին քաղաքական հագեցած առօրյայով ապրող այդ երկրի քաղաքացիների վերաբերմունքը Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության բազմաբնույթ խնդիրների հանդեպ: Արտաքին քաղաքական որոշ հարցերի վերաբերյալ այդ երկրի հասարակության տրամադրությունների փոփոխությունները ակներև է նաև աշխատանքում ներառված 2013, 2015 և 2016 թթ. տվյալների շնորհիվ:

Ուսումնասիրությունն իրականացնող խումբը հանդիպել է Թուրքիայի 26 նահանգում ապրող 18 տարին լրացած 1000 քաղաքացու հետ և փորձել պարզել նրանց դիրքորոշումը իրենց երկրի վարած արտաքին քաղաքականության տարբեր հարցերի շուրջ: Հետաքրքիր է, որ մեր հարևան երկրում ապրողների ճնշող մեծամասնությունը իրենց երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուր է համարում հեռուստատեսությունը (այդպես է պատասխանել հարցվածների 86.5%-ը), համացանցային լրատվական աղբյուրների և տպագիր թերթերի միջոցով արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկություններ ստացողների տոկոսային հարաբերակցությունը համապատասխանաբար 37.5% և 30.7% է: Այս ցուցանիշներից կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ այդ երկրի հասարակության կարծիքը ձևավորվում է թուրքական ԶԼՄ-ների միջոցով ու նրանց մեկնաբանմամբ:

Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունն իրենց երկիրը համարում է իսլամական (39.9%): Հետաքրքիր է, որ Էրդողանի նախագահության օրոք, երկրի քաղաքական կյանքում իսլամի բաղադրիչի ավելացման և Եվրոպական միության հետ հարաբերություններում շարունակական լարվածությանը զուգահեռ, հարցվածների 32.7%-ը  Թուրքիան ասոցացնում է եվրոպական երկրի հետ, ընդ որում, այս ցուցանիշը շարունակական աճ է գրանցել (2013թ.` 24.3%, 2015թ.՝ 26.4%, 2016թ.՝ 31.8%):

Թուրքիայի իշխող կուսակցության և նախագահ Էրդողանի ջանքերը, 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը և 2017-ի սահմանադրական փոփոխությունները ձևավորել են հասարակության պատկերացումները, թե որ կառույցն է իրականացնում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Այսպես, 2016-ին հարցվածների 76.4%-ի կարծիքով Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իրականացնողը երկրի նախագահն է, այդ ցուցանիշը նվազել է 2017-ին՝ կազմելով 69.2%: Քաղաքացիների 24.3%-ի կարծիքով Թուրքիայի արտաքին քաղաքականություն իրականացնողը այդ երկրի ԶՈւ-ն է, ևս 13.4%-ի կարծիքով՝ Ազգային հետախուզական ծառայությունը: Նույնիսկ 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ հետապնդումներ սկսվեցին ուժային կառույցների մի շարք աշխատակիցների նկատմամբ, իսկ 2017-ի ապրիլին սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանություններն ավելի վերահսկելի դարձրին այդ կառույցների աշխատանքը, 2017-ին Թուրքիայի հասարակության մի զգալի շերտի կարծիքով իրենց երկրի արտաքին քաղաքականության իրականացնողներն ուժային կառույցներն են, ընդ որում, ԶՈւ-ի մասով, 2016-ին այդպես է արտահայտվել հարցվածների ընդամենը 3.8%-ը, իսկ 2013-ին այդպիսի պատասխանը բացակայել է:

Թուրքիայում բնակվող մարդիկ կարծում են, որ իրենց երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը այլ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդումն է՝ 61.2%, իսկ 14.5%-ի կարծիքով այլ երկրներում գործող Թուրքիայի դեսպանությունների առաքելությունը տվյալ երկրի վերաբերյալ գաղտնի տեղեկություն հավաքելն է:

Թուրքիայի քաղաքացիներին հարցրել են նաև, թե որ երկրներն են իրենց պետության բարեկամը և որոնք են սպառնալիք ներկայացնում Թուրքիայի համար: Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 71.3%-ը, կարծում է, որ Ադրբեջանն է  Թուրքիայի բարեկամ երկիրը (այս կարծիքը գերակշռող է դարձել վերջին տարիների ընթացքում. 2013թ.՝ 28%, 2015թ.՝ 37.2%, 2016թ.` 59.3%): Բարեկամների շարքում երկրորդ երկիրը Պակիստանն է, որին այդպես է ընկալում հարցվածների միայն 2.2%-ը: Մի քանի այլ բարեկամներ 1 տոկոսի սահմաններում են, իսկ 17.2%-ի կարծիքով Թուրքիան չունի բարեկամներ:

Հարցվածների 66.5%-ի կարծիքով ԱՄՆ-ն սպառնալիք է Թուրքիայի համար: 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին և ԱՄՆ կառավարությունից պահանջում են արտահանձնել նրան: Հատկանշական է, որ հարցվածների 19.1%-ը կարծում է, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ամենակարևոր խնդիրը Հայկական հարցն է: Իսրայելին որպես սպառնալիք է դիտարկում հարցվածների 37.4%-ը, 24%-ի կարծիքով ԵՄ երկրներն են Թուրքիայի հիմնական սպառնալիքը:  2015-ի նոյեմբերին ռուսական ուղղաթիռը խոցելուց հետո, 2016-ի հարցման արդյունքներով ՌԴ-ին Թուրքիայի արտաքին սպառնալիք էր համարում հարցվածների 34.9%-ը: Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո այս թիվը կտրուկ նվազել է, 2017-ին դառնալով 18.5%: Հատկանշական է, որ այս ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը. մեր երկիրը որպես սպառնալիք են համարում հարցվածների 18%-ը:

2013-ից ի վեր՝ 2017-ին առաջին անգամ Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության գաղափարին՝ 51.6%: Փոխարենը, հարցվածների 27.6% կարծում է, որ ԵՄ անդամակցության փոխարեն Թուրքիան պետք է ռազմավարական համագործակցություն հաստատի ՌԴ-ի հետ, ընդ որում, հարցվածների 35.2%-ը կարծում է, որ Թուրքիայի ներկայիս հարաբերությունները ՌԴ-ի հետ բարեկամական չեն, բայց դրանցում բացակայում են նաև խնդիրները: Հարցվածների  17.6%-ի համար այլընտրանքը Իսլամական համագործակցության կազմակերպությունն է, ևս 13.1%-ի կարծիքով՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը:

Ուսումնասիրության հեղինակները անդրադարձել են նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետությանը: Հարցվածների 78.4%-ի պատկերացումներում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ պետությունը Թուրքիայի բարեկամ երկիրն է, որից չի կարելի երես թեքել ոչ մի պարագայում:

Աշխատանքի վերջում հեղինակները փորձել են պարզել, թե ինչ վերաբերմունք ունեն Թուրքիայի քաղաքացիները իրենց երկրի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: Հարցվածների 38.5%-ը կարծում է, որ Թուրքիան բարեհաջող արտաքին քաղաքականություն է վարում, 37.8%-ի կարծիքով այդ քաղաքականությունը մասամբ է բարեհաջող, ևս 23.7%-ը անհաջող է համարում արտաքին ճակատում Թուրքիայի իրականացրած քաղաքականությունը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31