Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՑ-ն աճել է 6,1%-ով. տնտեսագետն ասում է՝ «Սա, վարչապետի ասած՝ Խելացի Հայաստանի արդյունքը չէ»:

Հուլիս 21,2017 21:23

Երեկ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ): Ըստ այդ տվյալների` այս տարվա հունվար-հունիսին ՏԱՑ-ն աճել է 6,1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:  Ըստ ԱՎԾ-ի` արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-ի հունվար-հունիսի ամիսներին աճել է 12,4%-ով, իսկ ծառայություններն, առանց առեւտրի, աճել են 10,9%-ով: Առեւտրաշրջանառությունն էլ աճել է 12,6%-ով:

Պաշտոնական տվյալներով` այս տարվա հունվար-հունիսին գյուղատնտեսությունն անկում է գրանցել 1,4%-ով է, իսկ շինարարության ոլորտում նշված ժամանակահատվածում  10%-ով անկում է գրանցվել:

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ տնտեսական ակտիվության  6,1% աճը որեւէ կերպ որակական ազդեցություն չի թողնում տնտեսության եւ քաղաքացու կյանքի վրա:

«Գյուղատնտեսության, այսպես ասած՝ «պիկ» սեզնոնին  անկում է արձանագրվում, սա  որոշակի բացասական ազդակի մասին է խոսում: Առեւտրաշրջանառությունը 12%-ով է  աճել, բայց սրա ֆոնին սպառողական գների ինդեքսը  0,5 %-ով աճել է: Արդունաբերական արտադրանքի գների ինդեքսը 3%-ից մի քիչ ավելի աճ է գրանցել, ստացվում է՝  ոլորտ կա, կոնկրետ աճի ցուցանիշը տնտեսության վրա ազդող աճի է նմանվում: Արդյունաբերության ոլորտում, եւ գներն են աճել, եւ արդյունաբերական արտադրանքը, ինչը առեւտրի ոլորտի մասին չենք կարող ասել: Առեւտրաշրջանառության ծավալի աճը գուցե կարողացել են ֆիքսել հարկային քաղաքականության միջոցով: Բայց ինչ վերաբերում է  ամբողջ տնտեսության աճին, ապա չենք կարող ասել, որ արդյունաբերությունն աճեց եւ ուղեկցվեց շինարարության եւ գյուղատնտեսության աճով: Սա արդեն փաստում է այն մասին, որ կա անհամաչափություն տնտեսության մեջ, եւ տնտեսության վիճակն այնքան լավ չէ, որքան թվերի միջոցով է երեւում»,-ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով կառավարության 2017-2022  ծրագրով նախատեսված տարեկան 5 % տնտեսական աճին, Խաչատրյանը թերահավատորեն է մոտենում այդ ցուցանիշին: Տնտեսագետն ասաց, որ գուցե ՏԱՑ-ի այս 6,1%-ը դրական տրամադրվածություն է տալիս, սակայն նախանշած աճը դժվար թե հասանելի լինի. «Որովհետեւ այդ աճի մեջ ավելանում է արտահանման տեսակարար կշիռը, իսկ արտահանման մեջ հանքահումքային ոլորտն է, որը միայն 0,5%-ն է տնտեսական աճի մեջ: Սա այն աճը չէ, որ մենք գիտատար տնտեսություն ենք սկսել զարգացնել: Ընդամենը հումքային բազայի վրա հիմնված տնետսություն է, այսինքն՝ սկսել է հումք շատ արտահանել: Սա վարչապետի ասած՝ «Խելացի Հայաստանի» արդյունքը չէ, այս պահին»:

Տնտեսագետը, ներկայացնելով որոշ ցուցանիշներ, նշեց՝ արտահանման կառուցվածքի մեջ պատրաստի սնունդի արտադրանքի արտահանումն աճել է 50 մլն դոլարով, սա ՀՆԱ-ի 0,5% է. «Սրան էլ գումարած  հանքահումքային արտադրանքը, ՀՆԱ-ի 1 % է: Այս 2 ցուցանիշը բավական է, որ պնդեմ՝ որակական աճ չկա, եւ իրենց նշած ցուցանիշին չեն հասնելու: Եթե ուսանողների, բնակչության թիվը նվազել է, որոնք ՀՆԱ ստեղծող են,  բա ո՞վ է ստեղծել այդ ՀՆԱ-ն: Անգամ պետական աշխատողների աշխատավարձերի բաշխման ծավալն է նվազել: Եթե անգամ աճ կա, բայց մեր կյանքի որակը չի փոխվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31