Վերջերս Pew Research Center-ի հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն` Հայաստանի բնակչության 76%-ը անբարոյական է համարում նախամուսնական սեռական հարաբերությունները, 69%-ը՝ աբորտները, 96%-ը մարմնավաճառությունը, 98%-ը՝ միասեռական հարաբերությունները, իսկ 56%-ի կարծիքով անբարոյական է նաեւ ամուսնալուծությունը:
Հետազոտությունն իրականացվել է հետխորհրդային եւ նախկին «սոցճամբարի» 18 երկրներում, ու Հայաստանը բոլոր ցուցանիշներով առաջին դիրքերն է զբաղեցնում: Համաձայն հետազոտության արդյունքների՝ Հայաստանի հասարակությունն ուլտրապահպանողական է: Թե որքանո՞վ են արժանահավատ այս ցուցանիշները, արդյո՞ք հայ հասարակությունը խիստ պահպանողական հայացքներ ունի եւ մտածում է կարծրատիպերով, թե՞ մարդիկ, իրականում այլ կերպ մտածելով, մեկ այլ կարծիք են հայտնում մեծամասնությունից չտարբերվելու եւ ընդունված նորմերից չշեղվելու համար, այս հարցերին պատասխանելու համար այսօր «Հոդված 3» ակումբում հանրային քննարկում էր կազմակերպվել:
Մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադեւոսյանը գտնում է, որ մարդիկ փորձում են այդ պատասխանների տակ իրենց ներկայացնել. «Շատ կարեւոր հանգամանք է, թե տվյալ հասարակությունն ինչպես է նկարագրում ինքն իրեն: Տարբեր հասարակություններ այդ խնդիրն իրականացնելու համար տարբեր գործիքներ են կիրառում եւ ավելի պարզ հասարակությունները ավելի շատ օգտագործում են առօրյա նկարագրության մեխանիզմները, իսկ ավելի բարդ հասարակությունները դրա համար ստեղծում են հատուկ պրոֆեսիոնալ հաստատություններ` համալսարաններ, հետազոտական կենտրոններ եւ իրենք իրականացնում են իրենց նկարագրությունը խիստ դիֆերենցված ձեւով: Մեզ մոտ շատ թույլ են հասարակական-սոցիալական ոլորտի գիտությունները եւ այդ տիպի հաստատությունները, որոնք կկարողանային նկարագրել մեր իրականությունը»:
Ըստ Աղասի Թադեւոսյանի` ինչպես նկարագրում ես իրականությունը, դրանից բխեցնում ես քո հիմնախնդիրները, որոնք քեզ որպես հասարակություն խանգարում են զարգանալուն եւ աշխարհում մրցունակ լինելուն. «Մեզ մոտ արյունազգակցական կամ` հարեւանական, թաղային համայնքի մակարդակի նկարագրություն է կատարվում: Եվ այդ ամենը բնորոշ է ողջ հասարակությանը: Մեր հասարակությունը վստահ է, որ այդ հարցերին այդպես պատասխանելու է, բայց ինքն այլ իրականություն ունի եւ սրա մեջ է դժբախտությունը»:
Աղասի Թադեւոսյանը որպես օրինակ մատնանշում է, թե ինչպես են մարմնավաճառությունը դատապարտող տղամարդիկ, երեկոյան ժամերին հերթ կանգնում նրանց ծառայությունից օգտվելու համար: Այսինքն, ըստ մասնագետի, նրանք ապրում են երկու իրականությունում: Նրա խոսքով, երկակի ստանդարտներով ապրելու արմատների մի մասը Խորհրդային միությունից է գալիս:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, հղում անելով Համաշխարհային բանկի տվյալներին, համաձայն որոնց, Հայաստանի տնտեսությունը հետխորհրդային տարածքում հանդիսանում է ամենամոնոպոլիզացվածը, նշեց. «Մոնոպոլիզացված տնտեսություն ունենալով` հիմնականում այդ մոնոպոլիան նախկինը պահպանելու հատկություն ունի, նաեւ այստեղից է գալիս, որ քաղաքական ու տնտեսական իշխանությունում մոնոպոլիա ունենալով, իրենք հիմնականում կոնսերվատիվ են դառնում, եւ լիբերալ, նորարար հայացքներ չեն առաջանում, չեն մղվում առաջ նաեւ այդ պատճառով: Օրինակ Արեւմուտքում նաեւ տնտեսությունն է հանդիսացել գլխավոր պատճառներից մեկը, երբ որ մրցակցություն է եղել ու նոր գաղափարներ են առաջացել` պահպանողականությանը մարտահրավեր է նետվել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ