ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 21.07.2017թ. թիվ 15-Լ որոշմամբ փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի վերաբերյալ կայացրել է որոշում, որի եզրափակիչ մասում նշված է հետևյալը.
«1. Փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի վերաբերյալ՝
1.1. Արձանագրել, որ՝
• Փաստաբանները քրեական գործերով արդարադատության իրականացման հարցում կարևոր և անփոխարինելի սուբյեկտներ են և պետական ծառայողները պարտավոր են փաստաբանների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ղեկավարվելով փաստաբանի բարեխղճության կանխավարկածով.
• Առանց հատուկ սարքերի փաստաբանին զննելու համար դատական կարգադրիչը պետք է ունենա իրավական և փաստական հիմքեր.
• Փաստական հիմքը կարող է լինել այն դեպքում, երբ կա ողջամիտ կասկած, որ փաստաբանը կարող է օրենքով արգելված իրեր տեղափոխել.
• Անթույլատրելի է զննություն կատարելիս դրսևորել խտրական վերաբերմունք փաստաբանների նկատմամբ.
• Զննությունը չի կարող փաստացի վերածվել խուզարկության կամ ստեղծել փաստաբանական գաղտնիքի հրապարակման վտանգ կամ փաստաբանի համար նվաստացուցիչ պայմաններ.
• Անթույլատրելի է դատարանի և դատական կարգադրիչների կողմից՝ փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրերը, այդ թվում՝ անվտանգ տարայով խմելու ջուրը, տեղափոխելու արգելքը:
1.2. Առաջարկել ՀՀ դատական դեպարտամենտին՝
• Զննությունը կատարել տեխնիկական միջոցներով (սկանավորմամբ)՝ առանց փաստաբաններին լրացուցիչ անհարմարություն պատճառելու.
• Փաստական հիմքի առկայությամբ փաստաբանի պայուսակի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջի դեպքում, զննությունը կատարել առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական ծառայողների և ընթերակաների մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին).
• դատական կարգադրիչներին հրահանգել, որ փաստաբանի պայուսակը կամ այլ իրը զննելու դեպքում, դատական կարգադրիչն իրավասու չէ՝ ա) ինքնուրույն որոնողական գործողություններ կատարել, այդ թվում՝ բացել պայուսակը կամ տեղաշարժել պայուսակի մեջ գտնվող իրերը, և բ) որևէ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:
- Կոչ անել փաստաբաններին՝ իրենց վստահորդներին պաշտպանելու հարցում դրսևորել համարձակություն, սկզբունքայնություն և բարեխղճություն՝ պահպանելով Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջներին համապատասխան գործող փաստաբանն ունի փաստաբանի գործունեության պաշտպանության օրենքով սահմանված երաշխիքները և ՀՀ փաստաբանների պալատի լիարժեք աջակցությունը:
4. Հանձնարարել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին’ սույն որոշումն ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին և ապահովել որոշման հրապարակումը ՀՀ փաստաբանների պալատի կայքում:
Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.07.2017թ. թիվ 15-Լ որոշման ամբողջական տեքստը լրացուցիչ կհրապարակվի:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ