Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում չծառայելու համար «Մերսեդեսի» բեռնախցիկում թաքնված՝ փորձել է հատել սահմանը

Հուլիս 21,2017 17:31

Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչ Թենգիզ Ագասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. դեկտեմբերի 24-ին վերադարձի վկայականով ՌԴ-ից վերադառնալով Հայաստան, ՀՀ-ում անձնագրավորված չլինելով, զինվորական կոմիսարիատում կցագրումից եւ հաշվառումից, այնուհետև նաև զինվորական ծառայությունից խուսափելու համար, 2017թ. ձմռան ամիսների ընթացքում ՌԴ մեկնելու մտադրությամբ, այլ անձի կենսորոշիչ տվյալներով անձնագիր ձեռք բերելու եւ այն օգտագործելու նպատակով դիմել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Արթուր Վարդգեսյանցին՝ հնարավոր միջոցներով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հայթայթելու համար եւ տրամադրել 3 հատ լուսանկար՝ նախապես պայմանավորվելով, որ անձնագիրը տալուց հետո դրա դիմաց պետք է վճարի 600 ԱՄՆ դոլար:

Թենգիզը 2017թ մարտի 1-ին հանդիպել է Արթուրին եւ վերջինս նրան տվել է Վահագն Տոնապետյանի կենսորոշիչ տվյալներով, սակայն փոփոխված, Թենգիզ Ագասյանի լուսանկարով, իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Դրանից հետո Արթուրը կապվել է դեպի ՌԴ ուղեւորափոխադրումներ իրականացնող իր ծանոթներից Հարություն Գալստյանի հետ եւ պայմանավորվել Թենգիզ Ագասյանի փոխադրման վերաբերյալ, անձամբ ուղեկցելով վերջինիս Աշտարակ քաղաք՝ Հարություն Գալստյանի միկրոավտոբուսով Վրաստան ուղևորվելու համար:

Ի կատարումն հանցավոր մտադրության, Թենգիզ Ագասյանը 2017թ մարտի 1-ին «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հարություն Գալստյանի օգնությամբ թաքնվելով նշված ավտոմեքենայի բեռնախցիկում, նույն օրը փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն սահմանային հսկողությունն անցնելիս հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ ՍԶ Բագրատաշենի ՍՎԲ աշխատակցի կողմից:

Թ. Ագասյանին եւ Ա. Վարդգեսյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը») եւ 36-34-329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձից կամովին հրաժարումը»), Հ. Գալստյանին՝ 36-34-329 հոդվածի 1-ին մասով:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31