Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված խմբի» անդամները քննարկել են նաեւ թռիչքի պահին նախագահի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը

Հուլիս 21,2017 16:06

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերջապես մեկնարկեց «Զինված խմբի» գործով դատաքննությունը:

Այսօրվա նիստում հրապարակվեց մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ` պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ, Հայաստանում իշխանափոխության հասնելու գործում դարձել նրա հանցակիցը: Վահան Շիրխանյանը պարտավորվել է ապահովել բանակի մասնակցությունը, կամ ապահովել բանակի չեզոքությունն այդ գործընթացներում, քանի որ անձամբ ծանոթ է եղել պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանի հետ: Վահան Շիրխանյանը նաեւ չի ողջունել`իշխանափոխության գործում տարբեր պետական մարմինների նկատմամբ գործողությունները, որոնք առաջարկել է Արթուր Վարդանյանը:

Ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Վարդանյանը ծանոթացել է նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ  Մարգարյանի հետ, որը նշել է, որ Հայաստանում միակ ելքը զինված հեղաշրջումն է եւ նրան  ծանոթացրել է իր մարտական ընկերների` Վլադիմիր Առաքելյանի եւ Խաչիկ Ավետիսյանի հետ:

Ստեղծված «զինված խմբի» անդամները քննարկել են նաեւ թռիչքի պահին նախագահի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը, սակայն այդ ուղղությամբ որոշակի քայլեր չեն ձեռնարկվել: «Զինված խումբը» թիրախավորել եւ հարձակումներ է նախապատրաստել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության շենքի, Հայաստանի հանրային հեռուստատեսության շենքի վրա:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:

Հայր Անտոնիոյի առողջական վիճակի վատթարացման պատճառով նիստն այսօր ընդմիջվեց: Այն կշարունակվի հաջորդ ուրբաթ օրը, ժամը 11-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ասոնք խի՞ պարզապէս «Զինուած Խումբ» են կոչւում…

    երեւի միւսները դիւցազներգական տիտղոսների վրայ հեղինակային իրաւունք են գրանցել… նորմալ է, այդպէս է, կինոյի ոլորտում…

  2. Hovik says:

    եթե իշխանությունը յուրացնելու համար ինչ որ մեկին պետք է դատեն, ապա դա պետք է լինի սերժիկը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31