Լրահոս
Օրվա լրահոսը

60.000 երեխաների, որոնք սովորում են ՀՀ վեց մարզերի շուրջ 600 դպրոցներում՝ սնունդ կտրամադրվի տարեկան 180 օր

Հուլիս 21,2017 15:10

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ:

Ծրագրի գործողության ժամկետն ավարտվել էր 2017 թվականի հունիսի 30-ին, այժմ այն երկարաձգվում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: «Զուգահեռաբար պատրաստվում է նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը, որը ներառում է ծրագրի շարունակականությունն ու զարգացումը մինչև 2025 թվականը: Դպրոցական սննդի ծրագիրը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է, որն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև դաստիարակչական լուրջ միջոցառում է, որը դպրոցական վաղ տարիքում ձևավորում է համակեցության շատ կարևոր կանոններ»,- ստորագրման արարողությունից հետո հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Կարևորելով կատարված համատեղ աշխատանքը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ դպրոցական սննդի ծրագիրը հաջողված ընթացք և հասարակության կողմից դրական ընկալում ունի, հաշվի առնելով, որ հասարակությունն ինքը ծրագրի շահառուն և մասնակիցն է: Նախարարը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային կազմակերպության դերակատարումը՝ սկսած «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներմուծումից ՀՀ դպրոցներ մինչև ծրագրի ընդլայնում և տեխնիկական աջակցություն: ԿԳ նախարարի տեղեկացմամբ ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ, որն այսուհետ համակարգելու է դպրոցական սննդի կազմակերպման աշխատանքները՝ առաջնահերթ դիտարկելով առաջինից չորրորդ դասարանցիների տաք սննդի ապահովումը, ինչպես նաև ծրագրի ազգային փուլի ընդլայնումը:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի (Երևանը ծրագրում ներառված չէ) տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ:

2014-2015 թթ. ՀՀ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի բոլոր դպրոցները փոխանցվել են ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո: 2017թ. սեպտեմբերից ևս մեկ մարզ՝ Տավուշի մարզը, կընդգրկվի ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում: 2018 թվականի սեպտեմբերից ծրագրի ազգային փուլում կընդգրկվի 5-րդ մարզը՝ Շիրակը, իսկ մնացած 5 մարզերում դպրոցական սննդի ծրագիրը կիրագործվի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոյի տեղեկացմամբ՝ Հայաստանի դպրոցների համար իբրև դոնոր երկիր հանդես է գալիս ՌԴ կառավարությունը, որի ֆինանսական մասնակցությունը ծրագրին մինչև 2018 թվականը կկազմի 35,61 մլն դոլար:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը, կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, ընդգծել է, որ ծրագիրն իրագործվել է ի շահ Հայաստանի երեխաների՝ հավատացած լինելով, որ նրանք երկրի ապագան են. «Մեր վստահության պատճառը կառավարության բարձր հանձնառությունն է՝ պահպանելու ազգային ծրագրի որակը: Այն մարզերում, որտեղ ծրագիրն իրագործվում է ՀՀ կառավարության միջոցներով, ՊՀԾ-ն շարունակում է աջակցել տեխնիկական և խորհրդատվական հարցերում: Մենք ակնկալում ենք բեղմնավոր և երկարատև համագործակցություն»,- ընդգծել է Պ. Միշոն:

Այս տարվա համար ծրագրի թիրախը հանդիսանում են նախակրթարաններում և տարրական դասարաններում սովորող 60.000 երեխաները, ովքեր սովորում են ՀՀ վեց մարզերի շուրջ 600 դպրոցներում: Նրանց սնունդ կտրամադրվի տարեկան 180 օր, շաբաթական 5 օր մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում:

Համաձայնագրով նախատեսվում է «Դպրոցական սնունդ» հիմնադրամի միջոցով իրականացնել դպրոցական սննդի ծրագրում ընդգրկված դպրոցների անձնակազմերի կարողությունների բարելավում, գործնական նախապատրաստում, տեխնիկական բազայի համալրում, ինչպես նաև ծրագրի ազգային փուլի ընդլայնում:

ԿԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31