Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ համատեղ ռազմարդյունաբերական նախագծերը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Birgün» թերթի կայքը՝ հղում կատարելով գերմանական «Bild» պարբերականին:
Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է այս որոշման մասին որևէ պաշտոնական հայտարարություն կատարել, սակայն տեղեկատվությունը տարածվել է կառավարության մոտ կանգնած աղբյուրներից: Նշվում է, որ նախագծերի սառեցման պատճառը Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորումն է, որոնցից թվում է նաև գերմանացի Պետեր Շթոյդթները:
Հայտնի է, որ առկախման որոշումը կտարածվի ինչպես կողմերի միջև առկա ընթացիկ նախագծերի, այնպես էլ առաջիկայում սպասվող, դեռևս չմեկնարկած ծրագրերի վրա:
Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման, ինչպես նաև՝ գերմանական կազմակերպություններին ուղղված սպառնալիքների պատճառով դաշնային կառավարությունը վերանայում է Թուրքիայի հետ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալված գերմանացի իրավապաշտպան Պետեր Շթոյդթների կալանավորումից հետո Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը դադարեցրել էր արձակուրդը և անմիջապես վերադարձել Բեռլին:
Նա հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերութուններում ցուցաբերվող համբերության բաժակն արդեն լցվել է, Թուրքիա մեկնել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին զգուշացնող նոր կոչ էր արել: ԱԳ նախարարը նաև հորդորել էր ԵՄ-ին՝ վերանայել Թուրքիային տրամադրվող նյութական աջակցության հարցը, ինչպես նաև՝ ոչ ոքի չերաշխավորել Թուրքիային վարկեր տրամադրելու հարցում: