Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2017 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, անդրադարձ է եղել պարկի 2017 թվականի ծախսերի և եկամուտների նախահաշվի փոփոխություններին, ազգային պարկի զարգացման եռամյա ծրագրին: «Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը ներկայացրել է խնդրահարույց մի շարք հարցեր:
Նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաև քաղաքացիների բարձրացրած խնդիրներին՝ թռչունների պահպանության հսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին: Մասնավորապես, ահազանգեր են եղել ճայերի վրա կրակելու դեպքերի առնչությամբ, երբ անհայտ անձինք մոտորանավակով մոտեցել են «Ճայերի կղզի» կոչվող տեղանքին և կրակոցներ արձակել թռչունների ուղղությամբ:
Խստորեն դատապարտելով արգելոցային տարածքներում նմանատիպ հանցավոր արարքները՝ նախարար Ա. Մինասյանը հանձնարարել է ուժեղացնել ստուգայցերը, սահմանել ամենօրյա հսկողություն և որսագողության կանխման ուղղությամբ իրականացնել խստացված միջոցառումներ, այդ թվում, իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգայցերի իրականացում, որսագողերի նկատմամբ պատժի խստագույնս կիրառում և, «որսի սիրահարների» հանրային պարսավանք: Արձանագրված իրավախախտումների առնչությամբ բոլոր նյութերը կներկայացվեն զանգվածային լրատվության միջոցներով:
ՀՀ բնապահպանության նախարարություն