Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն է:
Հիշեցնենք, որ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Դահլիճում մեկ ամբաստանյալ է՝ Հովհաննես Պետրոսյանը: Մյուսները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը, Գեւորգ Սաֆարյանը հեռացված են նիստերի դահլիճից մի քանի ժամով՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար:
Սեֆիլյանի պաշտպաններից փաստաբան Արա Զաքարյանը դատավորին ասաց, որ չի կարող ներկա գտնվել նիստին առանց իր պաշտպանյալի ներկայության, դա ոտնահարում է վերջինիս պաշտպանական իրավունքը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ Սեֆիլյանի՝ իր պաշտպանին տված նման հանձնարարություններն օրինական չեն:
Այնուամենայնիվ, Արա Զաքարյանը դուրս եկավ նիստերի դահլիճից՝ ամբաստանյալների՝ ապակե պատնեշից այս կողմ գտնվող հարազատների եւ համակիրների ծափերի ներքո: Նույնը կրկնեց ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը: Նիստն ընդմիջվեց՝ պաշտպանների հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ