Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եղբայր, քո սրբության սրբոցին են կպնումՙ վարորդական իրավունքի անվան տակ. «Ազգ»

Հուլիս 21,2017 12:14

Մենք նույնպես, ինչպես շատ ուրիշներ, քաղաքական չէինք համարում Արա Բաբլոյանի նշանակումը Ազգային ժողովի նախագահիՙ խիստ քաղաքական պաշտոնում, նկատի ունենալով, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչը կդժվարանա քաղաքական կամ դիվանագիտական նրբին իրավիճակներում կողմնորոշվել: Որոշ այդպիսի դրսեւորումներ Ազգային ժողովի առաջին նիստերը վարելիս, իրոք, եղան: Անգամ տեղեկություններ կային, թե ինքըՙ Բաբլոյանը իր տեղում չի զգում իրեն ու կուզենար հրաժարվել պաշտոնից: Բայց տեսեքՙ շատերիս կարծիքով ԱԺ ապաքաղաքական նախագահը վերջին ժամանակների ամենաքաղաքական եւ որպես պետության ներկայացուցիչՙ պետականության տեսակետից ամենաարմատական պատասխանն է տվել Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին : Վերջինս, իր իսկ խոսքովՙ «ռազմավարական ու հուսալի գործընկեր» Հայաստանին, անկախ պետություններ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների քսանհինգամյակի առիթով հավանաբար, օտար երկրների վարորդական իրավունքներով աշխատելն արգելող օրենքի վերաբերյալ պատասխանի մեջ առաջարկել էր ռուսերենն օրենքով պետական լեզու ամրագրել Հայաստանում, որ խնդիրը լուծվի: Համ վարորդները ռուսերեն կիմանան, եւ վարորդական իրավունքի հարցն էլ ինքնաբերաբար կլուծվի: Մեր Բաբլոյանն էլ, առանց ավելորդ դիվանագիտության ու անկեղծ պատասխանել էր, թե մեր երկրի օրակարգում ռուսերենը որպես պետական լեզու ամրագրելու հարց չկա, առանց դրա էլ բոլոր դպրոցներում ռուսերեն անցնում են:

Վստահ կարելի է պնդել, որ դիվանագիտությանը խորքով տիրապետողին ու Աժ նախագահի պաշտոնում երկար թրծվածին նրա փորձը կխանգարեր այդպես ուղիղ եւ ըստ էության պատասխանել: Այս դեպքում նա պատասխանել է այնպես, ինչպես մտածել է, եւ ինչպես մեր պետությանն է հարիր: Երբեմն, այո, մեր պաշտոնյաները պետք է համարձակություն ունենան իրերն իրենց անուններով կոչել, այլապես դիվանագիտությունը դիմացինը երբեմն սխալ է ընկալում: Եթե Բաբլոյանն ուրիշ ոչինչ չանիՙ այսուհետ նրան կհիշեն որպես Հայաստանի պետականության ամենակարեւոր ատրիբուտներից մեկըՙ հայոց լեզուն պաշտպանող Ազգային ժողովի նախագահի, քանի որ այս միջադեպը, համոզված ենք, ե՛ւ ռուսական կողմում, ե՛ւ հայկական կողմում տարբեր առիթներով մեջբերվելու է: Ասենք, որ հարցն ամեն դեպքում կլուծվիՙ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը դիմել է Ռուսաստանին, որպեսզի վարորդական իրավունքների հարցում բացառություն արվի ԵՏՄ անդամ երկրների համար:

Սակայն Հայաստանում այս միջադեպը հանրային մակարդակով բավական քննարկվեց, անգամ որոշ զայրացածներ առաջարկում էին ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել, քանի որ մեր երկրի արժանապատվությանը կպչող այսպիսի առաջարկը բարձր պաշտոնյաի կողմիցՙ կարող է երկրորդվել նաեւ այլ նվաստացուցիչ առաջարկներով, իսկ ԵԱՏՄ-ի տնտեսական օգուտներն առանձնապես մեր մաշկի վրա չենք զգացել:

Իհարկե, բուն թեմայից սահուն անցումը ԵԱՏՄ-ից դուրս գալուն, կամ անգամ հակառակըՙ այդպիսի կտրուկ առաջարկներ հնչեցնելը աննպատակահարմար համարելը մեզ այնքան չզարմացրեց, որքան անհամարժեքությունն այն պահվածքի, որ դրսեւորեցին ե՛ւ իրենց ընդդիմություն անվանողները, ե՛ւ մեր երկրի դեմքը ներկայացնող պաշտոնյաները:Կարծես մի շարքային տնտեսական առաջարկ էր հնչեցրել Վոլոդինը: Եղբայր, քո սրբության սրբոցին են կպնումՙ վարորդական իրավունքի անվան տակ, անպատասխան թողնեքՙ մյուս անգամ արդեն Սահմանադրության մեջ ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ամրագրելուց կխոսեն, ինչո՞ւ ձայն չեք հանում: Հո չե՞նք ուրանում մեր ռազմավարական դաշնակցին, ընդամենը մոտիկ դրացուն պիտի ասենքՙ եկեք լավ հարեւանություն անենք, ամեն պայման կստեղծենք դրա համար, բայց անկողին չենք թողնելու: Թե չէՙ Բաբլոյանին մենակ թողեցիք, մինչդեռ խեղճ ԵՄ դեսպանին այնպես հակադարձեցիք, խեղճը համարյա հետ վերցրեց ասածը. ինչ էր ասելՙ ընդամենը խորհուրդ էր տվել ԿԸՀ-ինՙ բարելավել աշխատանքը, ողջ ուժով հակահարվածեցիք, թե ՙ «Մեր ներքին գործերին մի խառնվի»: Հիմա մեր լեզվին են կպել, բա ինչո՞ւ եք լռել:

Հետաքրքրական կլիներ այս միջադեպին նախագահ Սարգսյանի անդրադարձը:

Նա, այնուամենայնիվ, ինչ- որ բաներ իր վերջին հարցազրույցում ասում էր, (դա եղել է մինչեւ Բաբլոյան-Վոլոդին հանդիպումը), թեՙ իհարկե կան բաներ, որոնց վերաբերյալ մենք ռուսական կողմի պես չենք մտածում, բայց ի՞նչն եք ուզում վերանայենք (հարաբերությունները նկատի ուներ), ո՞ւմ հետ եք ուզում վերանայենք, Թուրքիայի՞, ՆԱՏՕ-ում մե՞զ են սպասում: Նա ասում էր, որ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա չէ, որ մենք սեւեռված ենք, եւ հարաբերվում ենք ինչպես մերձավոր դաշնակիցների, այնպես էլ համագործակից գործընկերների հետ: Հաջորդեց Վոլոդինի առաջարկը, որը հազիվ թե ինքնաբուխ ծնված լինի, այդպիսի մտայնություն Ռուսաստանում, ուրեմն, կա:

Չգիտենք, բոլոր դեպքերում ճիշտ չէ մեր լեզվի հանդեպ արտաքին ոտնձգությանն ավելի որակյալ պատասխանի բացակայությունը, որքան էլ ռազմավարական գործընկերոջ հանդեպ սրդողած վեաբերմունքը լինի դրա պատճառը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31