Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվությունը 6 ամսում կազմեց 6,1 տոկոս. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 21,2017 12:01

Տնտեսության վիճակի վերաբերյալ վիճակագրական ծառայության երեկ հրապարակած օպերատիվ տվյալները վկայում են, որ չնայած նախընտրական գործընթացներին, այնուհանդերձ առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է վերջին տարիների համար բարձր ակտիվություն (տարեսկզբի վեց ամիսներին՝ 6,1 տոկոս)։ Անշուշտ տնտեսական ակտիվությունը դեռեւս տնտեսական աճ չէ, բայց այդ ցուցանիշները սովորաբար շատ չեն տարբերվում։

Տնտեսական գործընթացներն ակտիվ են եղել տարվա գրեթե բոլոր ամիսներին։ Հայտնի է, որ առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է համախառն ներքին արդյունքի 6,5 տոկոս աճ։

Թեպետ դեռ չեն հրապարակվել երկրորդ եռամսյակի տվյալները, այնուհանդերձ ենթադրվում է, որ այն նույնպես շատ չի տարբերվի առաջինից։ Պատահական չէ, որ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կենտրոնական բանկը հայտարարել է աճի ցուցանիշները եւս մեկ անգամ վերանայելու իր մտադրության մասին։

Հիշեցնենք, որ պետական բյուջեով այս տարվա համար ծրագրված է ՀՆԱ 3,2 տոկոս ավելացում։ Թեպետ առաջիկա երեք տարիների միջինժամկետ ծախսերի ծրագրով 2017թ. տնտեսական աճի վերաբերյալ կառավարության սպասումները մի փոքր ավելին են՝ 3,3 տոկոս։

Առաջին կիսամյակի ցուցանիշները վկայում են, որ տնտեսական աճի միտումներն ավելին են, քան կանխատեսումները։ Այդ պայմաններում, թե ինչո՞վ է պայմանավորված կառավարության զգուշավորությունը, դժվար է ասել։

Ամեն դեպքում, արտաքին միջավայրում տեղի ունեցող դրսեւորումները ինչպես առաջին կիսամյակում, այնպես էլ այժմ շարունակում են հիմնականում բարենպաստ լինել Հայաստանի տնտեսության համար։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկայում տնտեսական ակտիվության բարձր մակարդակը կշարունակի պահպանվել։
Առաջին կիսամյակում տնտեսական աճին հիմնականում նպաստել է երեք ոլորտ՝ արդյունաբերությունը, ծառայություններն ու առեւտուրը։ Հակառակ դրան՝ անկում են ապրել գյուղատնտեսությունն եւ շինարարությունը։

Համաձայն վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, արդյունաբերության ոլորտում ապահովվել է երկնիշ աճ։ Տարեսկզբի վեց ամիսներին արտադրության ծավալներն ավելացել են 12,4 տոկոսով։ Տնտեսության այս հատվածի զարգացումներին անշուշտ նպաստել են թե՛ արտաքին բարենպաստ իրավիճակը, թե՛ ներքին տնտեսական միջոցառումները։

Ինչպես հայտնի է, համաշխարհային շուկայում այս տարի անհամեմատ լավ դիրքում են գտնվում հանքահումքային ապրանքների գները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է պղնձին։ Չնայած անկայունությանը, այնուհանդերձ պղնձի գինը այս տարի տատանվում է տոննայի դիմաց հիմնականում 5,6¬6 հազար դոլարի միջակայքում, ինչը դրական գործոն է ոլորտի հայկական ընկերությունների համար։

Արդյունաբերության աճին նպաստել է նաեւ գործընկեր երկրների եւ առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության ու ֆինանսական շուկայի կայունացումը։

Հանքահումքային ապրանքների միջազգային գների բարձրացումը եւ ռուսական շուկայի դիրքերի ամրապնդումը խթանող գործոն են արտաքին միջավայրում արդյունաբերության ոլորտի արտադրանքի մատակարարումների համար։ Հայտնի է, որ արտահանումը ներքին արտադրության ծավալների ավելացման հիմնական նախապայմաններից մեկն է՝ նկատի ունենալով տեղական շուկայի սահմանափակ հնարավորությունները։

Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն առանձնացել է արտահանման բարձր աճով։ Արտաքին շուկաների մատակարարումներն ավելացել են 21 տոկոսով։ Արտահանվել է շուրջ 994 մլն դոլարի ապրանք։

 

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31