Լրահոս
Օրվա լրահոսը

Եղնուկյանը, «Մոլոտովն» ու… կոդավորված խաշլաման. «Հայոց աշխարհ»

Հուլիս 21,2017 11:16

Ըստ մեղադրական եզրակացության. «Իրավապահ մարմինների կողմից գնդի տարածքն ու պատանդներին ազատելու, իրենց հանցավոր գործողությունների խափանումը կանխելու, ներկայացված ապօրինի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ըստ նախապես պայմանավորված ծրագրի՝ կազմակերպված խմբի անդամները հեռախոսային կապի միջոցով իրենց ծանոթ-բարեկամներին հորդորել են մասնակցել գնդի հարակից տարածքում տեղի ունեցող հավաքներին, ճեղքել իրավապահների շարքերը եւ միանալ իրենց»:

Մասնավորապես, հետաքրքիր է, թե ի՞նչ են արել այդ ուղղությամբ. «Այս կապակցությամբ կազմակերպված խմբի անդամ Էդվարդ Գրիգորյանը, դեռեւս 2016 թվականի հուլիսի 7-ին, իր հորաքրոջ որդուն՝ Մանվել Աթոյանին է փոխանցել իր ծանոթներ Առաքել Սիմոնյանի, Տարոն Լոռյանի, Սերգեյ Հակոբյանի եւ Աշոտ Մուրադյանի հեռախոսահամարները՝ յուրաքանչյուր հեռախոսահամարի դիմաց նշելով ծածկագրված նախադասություններ: Միաժամանակ Էդվարդ Գրիգորյանը Մանվել Աթոյանին հանձնարարել է՝ առաջիկա օրերին, իր զանգահարելուց հետո, զանգահարել նշված 4 հեռախոսահամարներով եւ հայտնել դրանց դիմաց գրված ծածկագրված նախադասությունները»:

Եթե խնդրին այլ դիտանկյունից նայենք, Էդվարդ Գրիգորյանն իր հիշյալ ծանոթներին էլ է «կրակը գցել», քանի որ Մանվել Աթոյանն ըստ պայմանավորվածության` երբ հուլիսի 17-ին՝ ժամը 06:11-ին, Էդվարդ Գրիգորյանից հեռախոսով տեղեկացել է ՊՊԾ գունդը զավթելու մասին, զանգահարել է նշված անձանց: Իսկը հեղափոխականներ, ներառյալ՝ կոնսպիրացիան եւ «կոդավորված» արտահայտությունները:

Թե հատկապես ի՞նչ կարգի «կոդավորում» է, թույլ է տալիս պատկերացնել այս գործին առնչվող մյուս գործով որպես մեղադրյալ ներգրավված Առաքել Սիմոնյանի պատմածը, ինչը եւս արտացոլված է գործի նյութերում: Մասնավորապես, Առաքել Սիմոնյանի ցուցմունքի համաձայն, 2016 թվականի հուլիսի 17-ին գտնվել է «Իբիցա» հյուրանոցում, երբ առավոտյան իր հեռախոսահամարին զանգ է ստացել: Զանգահարողն ասել է. «կողքի հարեւանդ է, հրավիրում ենք խաշլամա կամ մատաղ ուտելու» (կոդավորված նախադասությունը.-Ս.Պ.), ինչին պատասխանել է՝ «մերսի, անուշ լինի»…

Կարելի էր այս ամենը հայկական ճապաղ հեռուստասերիալի վատ սցենար համարել, եթե այսքան ողբերգական հետեւանքներ չլինեին: Փաստորեն ՊՊԾ գնդի գրավումը, զինված խմբի անդամներից գոնե մեկի ընկալմամբ, «կոդավորվել» է որպես «խաշլամա կամ մատաղ ուտել»:

Ինչ վերաբերում է կոնկրետ Մանվել Աթոյանին, ապա, ըստ գործի նյութերի, նա բացի նշված զանգերից, 2016 թվականի հուլիսի 17-22-ն ընկած ժամանակահատվածում «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող հրդեհիչ խառնուրդով շշեր պատրաստելու համար ձեռք է բերել շշեր, բենզին, ապա «հուլիսի 22-ին՝ ժամը 00։18-ին, հեռախոսազրույց է ունեցել կազմակերպված խմբի անդամ Մխիթար Ավետիսյանի հետ, ումից խորհրդատվություն է ստացել «Մոլոտովի կոկտեյլ» պատրաստելու ճիշտ եղանակի եւ դրա կիրառման շուրջ:

Նույն հեռախոսազրույցի ընթացքում Մանվել Աթոյանը հայտնել է կազմակերպված խմբին վերը նկարագրված եղանակով միանալու իր պատրաստակամությունը, ինչն իրագործելու համար անձանց հավաքագրելու նպատակով 2016 թվականի հուլիսի 21-ին եւ 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական իր կայքէջում կոչեր է հրապարակել՝ «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող հրդեհիչ խառնուրդով շշերի օգտագործմամբ իրավապահների շարքերը ճեղքելու եւ զինված խմբին միանալու վերաբերյալ, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նույն օրը՝ հուլիսի 22-ին՝ ժամը 15:50-ին բերման է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»:
Նմանապես բռնվել է Պավել Մանուկյանի մարտական ընկեր, զինվորական ծառայության մեջ գտնվող Վարդգես Գեւորգյանը: Նա, տեղեկանալով կատարվածի մասին, ցանկացել է միանալ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին` լինելով N զորամասի հակատանկային դասակներից մեկի հրամանատարը եւ գտնվելով մարտական հերթապահության մեջ, ըստ որում՝ լինելով հենակետի ավագը, ինքնակամ լքել է մարտական դիրքը եւ ՌԳԴ-42 տեսակի նռնակով զինված, ուղեւորվել է Երեւան՝ զինված խմբին միանալու դիտավորությամբ:
Հասկանալի է, որ հատուկ ծառայությունների դիտակետում է հայտնվել եւ հուլիսի 21-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Արարատի մարզի Վարդաշատ գյուղի սկզբնամասում վնասազերծվել եւ բերման է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Ժամանակին, ի դեպ, շատ էր խոսվում հանրությանը ոչ անհայտ Կարո Եղնուկյանի մասին: Հետաքրքիր է, թե ի՞նչ է արել նա, մասնավորապես զինված խմբին աջակցելու նպատակով: Տարբեր դրվագներ կան, այդ թվում, օրինակ, չվերահսկվող կապի հնարավորություն ստեղծելու վերաբերյալ:

Բայց, կարծում ենք, հանրային ընկալման տեսանկյունից շատ ավելի հետաքրքիր է մեղադրական եզրակացության մեջ արտացոլված այն դրվագը, որը վերաբերում է հանրության մեջ միտումնավոր ապատեղեկատվություն տարածելուն։
Մասնավորապես. «Կարո Եղնուկյանը, հաստատապես իմանալով, որ կազմակերպված խմբի անդամները սննդից չեն թունավորվել եւ հանրության մոտ իրավապահ մարմինների հակաիրավական գործունեության պատրանք ստեղծելու, նրանց գործողությունների նկատմամբ ատելություն ձեւավորելու միջոցով, ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հարակից տարածքներում հավաքի մասնակից անձանց թվի ավելացմանն ուղղված վերը նշված դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 19-ին նպաստել է տրամադրված սննդից կազմակերպված խմբի անդամների թունավորման, նրանց սննդից զրկելու, բանակցային գործընթացը դիտավորությամբ տապալելու վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանը»:
Հասկանալի՞ է: Միտումնավոր ստեր էր տարածում, թե զինված խմբի անդամները թունավորվել են, թեպետ հրաշալի իմացել է, որ նման բան չկա:

 

Ստեփան Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31