Աշնակցի Ժորա Սափեյանը նախկին քաղբանտարկյալ է, ընդդիմադիր։ Այստեղ կուզեմ ինքս ինձ խմբագրել, ակամա հարց առաջացավ, ինչո՞ւ ընդդիմադիր, ինչի՞ն կամ ո՞ւմ ընդդիմադիր։ Գուցե իշխանությունների՞ն ասենք ընդդիմադիր՝ այս տեսակին, այս դասին, այս բնույթին։ Կարծում եմ՝ եթե մարդ ապրում է ժողովրդի մեջ, նրա հոգսի հետ, նրա հայացքները կիսելով ու ամբիոններից բարձրաձայնելով՝ իրական իշխանությունն ինքն է, մանավանդ որ մեր երկրում վաղուց խեղաթյուրվել եւ արժեզրկվել են «իշխանություն» հասկացությունը, «իշխանավոր» կոչումը։
Ինչեւէ, Ժորա Սափեյանն իշխանություն է, ի հեճուկս բազում գյուղապետերի, ԱԺ պատգամավորների, նախարարների եւ նման կարգի այլ չինովնիկների։ Մեկ տասնամյակ էլ չկա, ինչ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կազմակերպեց շուրջպար եւ ծառատունկ Արագած սարի շուրջը։ Տառերը տնկվեցին։ Հրաշալի էր, սակայն դրանցից ոչ մեկը տարուց ավելի կյանք չունեցավ, չորացան ոռոգման ջրի բացակայության պատճառով։ Մինչդեռ համայնքների վարչական շրջաններում գտնվող ծառերն այնքան էլ ծախս չէին պահանջում, որպեսզի ոռոգվեին։ Այդ տարածքի վրա գտնվող հարյուրից ավելի համայնքներում մեկ համայնքապետ չգտնվեց, որպեսզի մեկ-երկու տարի կազմակերպեր ծառերի ոռոգումը, եւ հիմա մենք հրաշալի ծառաստան կունենայինք՝ մայրուղին երիզող։
Աշնակը քարքարոտ հողերով, բնական աղբյուրներից զուրկ անջրդի գյուղ է: ԽՍՀՄ վերջին տարիներին այստեղ կառուցվեց եռաստիճան պոմպակայան, որն Ախուրյանի ջրերը հասցնում է գյուղ, սակայն միայն պատկերացնել է պետք, թե անկախության տարիներին ինչ նյութական միջոցներ են անհրաժեշտ նման պոմպակայան շահագործելու համար։ Գյուղը խմելու ջրի խնդիր էլ ունի։ Այս դժվարությունների մասին իմանալով, Ժորան անցյալ տարվանից նախաձեռնեց գյուղին հարակից կանաչ գոտու (անտառաշերտ՝ 1000-ից ավելի դեկորատիվ ծառատեսակներով) ստեղծման՝ շատերի համար ոչ իրատեսական ծրագիրը։ Բացի այդ մայրուղին, որ Երեւան-Գյումրի միջպետական մայրուղուց ձգվում է դեպի Աշնակ, ժորան երկու կողմից ծառապատեց՝ շուրջ 4 կիլոմետր։ Հիմա թե անտառաշերտում, թե ճանապարհի եզրերին ծառերն արդեն ցուցադրում են իրենց կանաչ ներկայությունը, եւ 2-3 տարուց այս գոտին անճանաչելի է դառնալու։
– Ինչպե՞ս ծնվեց սակավաջուր Աշնակում անտառաշերտ ստեղծելու մտահղացումը, ասֆալտի եզրերը ծառազարդելը։
– Շատ տարիներ առաջ, երբ պատանի էի ու անտառի մասին կարդացել, նկարազարդումներ էի տեսել գրքերում, ֆիլմերում, մեր կոլտնտեսության վարորդները Սպիտակից համակցված կեր էին տեղափոխում։
Նրանց հետ գնացել էի Սպիտակ ու առաջին անգամ անտառ տեսա Լոռվա կողմերում։ Մի քանի օրից ընկերոջս՝ Սամվելի հետ գողանում ենք կոլտնտեսության բեռնատարը, ուղեւորվում Սպիտակ, եղեւնիներ ենք բերում եւ տնկում գյուղի կենտրոնում։
Իհարկե, դրանք պատանեկան չարաճճի մտահղացումների իրականացում էր, սակայն տարիների ընթացքում ես սեւեռվել էի այդ մտքի վրա, որ Աշնակում պետք է քարաստանը բուրաստան դարձնեմ։ Եվ հիմա դա իրողություն է։ Ճիշտ է, չարչարանքը, խոչընդոտները շատ են, էլ չասեմ բնակլիմայական աննպաստ պայմանները, բայց ես իմ երազանքին հասել եմ, ինքս, մենակ, առանց գյուղապետարանի, պետության օժանդակության, առանց դրսի ու ներսի փող լվացող ծրագրերի:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում