Լրահոս
Օրվա լրահոսը

Էմոցիոնալ շղթա

Հուլիս 21,2017 10:12

Եթե ուզում եք ծանոթանալ հասարակական կարծիքի հետ, «ժողովուրդն ինչ է մտածում», նստեք պատահական տաքսի: Շեշտում եմ՝ պատահական: Որովհետեւ եթե դուք ուզում եք պարզապես Ա կետից հասնել Բ կետ, ապա ավելի հեշտ է ու հարմարավետ պատվիրել ինտերնետային տաքսի, որտեղ վարորդները, բացի «բարեւ»-ից եւ «ցտեսություն»-ից, որեւէ այլ բան չեն խոսում, սափրված են, հիմնականում՝ երիտասարդ են, չեն ծխում, մեքենան մաքուր են պահում եւ ռաբիս երաժշտություն չեն միացնում: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ «պատահական» տաքսիներն ի վերջո իրենց տեղը կզիջեն «կազմակերպված» տաքսիստներին՝ մրցակցություն է, եւ հաղթում է նա, ով մատուցում է ավելի որակյալ ծառայություն:

Բայց եթե դուք, այսպես ասած, «արկածներ եք փնտրում» (իսկ դա, ինչպես հայտնի է, լրագրողի մասնագիտության անբաժանելի մասն է), ապա, իհարկե, պետք է զրուցեք «դասական» վարորդների հետ: Պատմեմ վերջին «արկածս»: Նստում եմ այդպիսի «անհատական» տաքսի եւ ասում եմ՝ «գնանք Հյուսիսային պողոտա»: Վարորդը՝ «ի՞նչ էլ տեղ ես գտել գնալու»: «Ի՞նչ կա որ»,- հետաքրքրվում եմ: «Զզվում եմ էդ տեղից»,- բացատրում է վարորդը: Ասում եմ՝ «Այնպես չի, որ ուշքս գնում է»: «Ես պապական երեւանցի եմ,- շարունակում է,- էլ Երեւան չի մնացել»: Անցնում ենք եւս մի քանի տասնյակ մետր: «Ախպեր ջան, հազար ներողություն, արի ես քեզ ստեղ իջեցնեմ, չեմ քշի: Որ ասում են՝ «Հյուսիսային պողոտա», ղարաբաղցիներին եմ հիշում: Կներես, էլի»: Իհարկե, ներեցի եւ իջա:

Չեմ պատրաստվում քննադատել այդ վարորդին, ոչ էլ, առավել եւս՝ ծաղրել նրան: Ուզում եմ ձեզ հետ միասին հասկանալ զանգվածային հոգեբանության առանձնահատկությունները: Պարզ է, որ այն իռացիոնալ է՝ տրամաբանական, պատճառահետեւանքային շղթան փոխարինվում է էմոցիոնալ, «պատահական» հերթականությամբ՝ Հյուսիսային պողոտա-հարուստներ-ղարաբաղցիներ: Պարզ է, որ «տեղայնական ռասիզմի» համար որեւէ հիմք չկա՝ հայկական հողի այս հատվածում ծնված մարդիկ կամ նրանց ժառանգները (այդ թվում՝ ես) չունեն ինչ-որ ընդհանուր բնութագրիչներ՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական: Հարուստների հանդեպ ընդհանրական ատելությունը նույնպես որեւէ տրամաբանական բացատրություն չունի՝ հարուստների, ինչպես եւ աղքատների մեջ նույնպես կան հրաշալի մարդիկ եւ սրիկաներ: Անձամբ ինձ դուր չի գալիս Հյուսիսային պողոտայի ճարտարապետությունը եւ առավել եւս այն, որ պողոտայի շենքերը վեր խոյացան այնտեղ ապրող բնակիչների իրավունքների կոպիտ խախտմամբ: Սակայն ուզենք թե չուզենք այսօր Հյուսիսային պողոտան ինչպես երեւանցիների, այնպես էլ հյուրերի զբոսանքի սիրած վայրերից է:

Զանգվածային հոգեբանությունը ոչ միայն իռացիոնալ է, այլեւ զուրկ է լայնախոհության որեւէ դրսեւորումից: Մոտավորապես այսպես. «եթե Երեւանի այս մասն ինձ դուր չի գալիս, ես այնտեղ չեմ քշելու»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    … ավելի հեշտ է ու հարմարավետ պատվիրել ինտերնետային տաքսի, որտեղ վարորդները, բացի «բարեւ»-ից եւ «ցտեսություն»-ից, որեւէ այլ բան չեն խոսում, սափրված են, հիմնականում՝ երիտասարդ են, չեն ծխում, մեքենան մաքուր են պահում եւ ռաբիս երաժշտություն չեն միացնում:
    – – – –

    Հետաքրքիր մտքեր են, պարոն Աբրահամեան:
    Թուարկում էք «իբր թէ» յարմարաւէտ տաքսու կէտերը՝

    1. Ուղեւորի հետ չզրուցել
    2. Մաքուր մեքենա
    3. Չծխող վարորդ
    4. Ռաբիս երաժշտութիւն չմիացնել
    5. Երիտասարդ վարորդ
    6. Սափրուած վարորդ

    Կարծում եմ առաջին երեք կէտերը ոչ ոք չի վիճարկի: Վերջին երեքը վիճայարոյց են, ընդ որում վերջինը՝ զուարճալի 🙂

    4. Երբ շեշտում էք «ռաբիս» բառը, տպաւորութիւն ունեմ, թէ դասական երաժշտութիւն միացնելը թոյլատրելի է:

    Ո՛չ: Առհասարակ, երաժշտութիւն չի կարելի միացնել՝ ո՛չ սպիտակցի Հայկո, ո՛չ Շուբերտ, ո՛չ էլ Հայրիկ Մուրադեան:

    Այո՛, երաժշտական տեսանկիւնից ռաբիսը ցածրակարգ ժանր է, բայց Հայաստանում հաւանաբար աւելի շատ ռաբիս լսող կայ, քան դասական երաժշտութիւն: Ուրեմն, որպէսզի «երաժշտական ճաշակների կռիւ» չլինի, երաժշտութիւն ընդհանրապէս չպէտք է լինի:

    Այս պահին հակասական մի բան յիշեցի: «Աւստրիական օդուղիների» օդանաւը Վիեննայում վայրէջք կատարելիս, Շտրաուս են միացնում: Պարզ է, գովերգում են իրենց քաղաքը, երկիրն ու մշակոյթը: Ինձ համար երանութիւն է: Ես դասական երաժշտութեան մեծ սիրահար եմ: Բայց երկար ու յոգնեցուցիչ թռիչքից յետոյ, մի 15 րոպէ էլ սպասում ենք մինչեւ օդանաւի դռները բացուեն, եւ միգուցէ շատ շատերի համար Շտրաուս լսելն այդ պահին տհաճ է (քիչ հաւանական է, բայց հնարաւոր է):

    5. Վիճակագրօրէն երիտասարդներն աւելի արդիւնաւէտ աշխատող են: Ի վերջոյ, տարիքն իրենն ասում է: Բայց, կարծում եմ, պատշաճ չէ, գրել, թէ «տաքսին յարմարաւէտ է, որովհետեւ վարորդը երիտասարդ է» (բառացի Ձեր խօսքը չէ, բայց միտքը դա՛ էր): Բազմահազար տարեցներ կան, որ իրենց գործը փայլուն են անում:

    6. Դէ արդէն նշեցի, որ այս կէտը նոյնիսկ զուարճալի է:

    Դուք իսկապէ՞ս կարծում էք, որ սափրուած լինելը կոկիկութեան կամ մաքրութեան նշան է, իսկ չսափրուած լինելը՝ փնթիութեան: Ի սէր Աստուծոյ 🙂

    Հաճելի օր Ձեզ,,

  2. Հ.Շ. says:

    Եւ այդպիսի վարորդներ են որոնք առաջին գիծի վրայ շփման մէջ են երկրի այցելուներին, զբօսաշրջիկներին հետ… Եւ անոնց կը ներկայացնեն երկիրը…

    Իսկ Հիւսիսային պողոտայի պարագային, հետաքրքրական են նաեւ այն անձերը որոնք, շողշողուն մայթ-քաֆէներու վրայ, զարդարուն սուրճի մը կամ մխացող ճելաթոյի մը առջեւ բազմած, երկու համեղ կումերու միջեւ կամ ել պաղպաղակի դգալիկը ատենը մէկ սպառնական շարժումներով օդին մէջ ճոճելով, բուռն ու տենդոտ շեշտով կը բացատրեն անխնայ յեղափոխութեան հրատա՛պ անհրաժեշտութեան մասին:

  3. Ruben says:

    Ես թուրքական ապրանքներ չեմ գնում, եւ Հյուսիսային «պողոտայով» (հիշողության գերեզմանոց) չեմ զբոսում:
    Թիֆլիսը փրկվեց, որ չունեցավ Ալեքսանդր Իվանովիչ Թամանով (հայկական ծագում ունեցող ռուս եւ խորհրդային ճարտարապետ):
    Ադրբեջանական Հանրապետությունը փրկվեց, որ չունեցավ Լեւոն Տեր Պետրոսյան:
    Թուրքիան փրկվեց, որ չունեցավ ԱՀԿ-ի (MIT) ղարաբաղցի ղեկավար:

  4. Լավատես says:

    Արցախում ղեկավարում են հայ արցախցիները, այլ ոչ թե հայ լոռեցիները կամ հայ երեւանցիները, տեղի ռազմավարական պաշտոններում պետք է ծառայեն հենց տեղի քաղաքացիները, իսկ տեղական իշխանությունները իրենց միջից պետք է ընտրեն իրենց ծառայող ՝վերտեղական՝ իշխանություն հանրապետական մակարդակով։ Կարծում եմ մեր դեմ փափուկ ուժի կիրառումը հենց այդ աննշան տարբերություն մտցնելն է, երբ տեղական հայը փոխարինվում է ոչ տեղական հայով, կարծես թե ի՞նչ տարբերություն՝ երկուսն էլ հայ են, բայց արդյունքում ստանում ենք օրինական, բայց տեղի քաղաքացիների համար անընդունելի որոշում, էլ ո՞ւմ է պետք նման օրենքը, եթե այն անընդունելի է քաղաքացու կողմից։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31