25 տարի հնազանդվելու հետեւանքները
Աստվածաշնչում է գրված` ի սկզբանե բանն էր: Այսինքն` բառը: Այսինքն` խոսքը: Այսինքն` լեզուն: Եվ եթե ի սկզբանե խոսքն ու լեզուն էին, հետեւաբար խոսքն ու լեզուն հզոր են ամեն ինչից: Հենց սա է պատճառը, որ վերջին 25 տարում Հայաստանի երրորդ հանրապետությանը ինքնիշխան պետության բաղադրիչներից համառորեն եւ քայլ առ քայլ զրկող Ռուսաստանն ուզում է զրկել ամենահզորից` խոսքից ու լեզվից:
Հայաստանի տնտեսությունը վաղուց կառավարվում է Ռուսաստանից: Եվ եթե անգամ կան առանձին ոչ ռուսական տնտեսական միավորներ, մեկ է՝ վառելիքաէներգետիկ համակարգը (գազ, հոսանք) Ռուսաստանի ձեռքում է, ինչը նշանակում է տնտեսական միավորի ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորության խիստ սահմանափակում:
Ռուսաստանի ձեռքում են նաեւ քաղաքական որոշումներ կայացնելու Հայաստանի լծակները: Այսօր-վաղը` պարտադիր ընթացակարգերի ավարտից հետո, Ռուսաստանը ՀՀ զինված ուժերի վրա ազդելու լծակներ էլ կունենա: Խոսքը հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին է: ՀՀ անկախության օրվա առիթով հայկական բանակի շքերթներին ռուսական զորամիավորման մասնակցությամբ ՌԴ-ն ցույց էր տալիս, որ իր որոշակի ազդեցությունն ունի հայկական բանակում: Համատեղ զորախմբի ստեղծումն այդ ազդեցությանը տալիս է իրավական լուրջ հիմք: Ստացվեց` Հայաստանի համար ցավալի իրողություն. մեր տնտեսությունը մերը չէ, մեր քաղաքականությունը մենք չենք որոշում, մեր զինված ուժերում որոշում կայացնողը միայն մենք չենք: Մնացել է միայն մեր խոսքն ու լեզուն, որ դեռ մերն է` պետական մակարդակով, հեռուստաեթերներում աղավաղվող, գովազդային վահանակների եւ ցուցանակների վրա խեղվող, բայց մեկ է՝ մերն է:
Ու վերջին 25 տարում Հայաստանի երրորդ հանրապետությանն ինքնիշխան պետության բաղադրիչներից համառորեն եւ քայլ առ քայլ զրկող Ռուսաստանը հասկացել է, թե ինչո՞ւ այդքանից հետո Հայաստանը դեռ կա: Որովհետեւ դեռ Հայաստանինն է ամենահզորը` խոսքն ու լեզուն: Ու զարմանալի չէ, որ ՌԴ-ն փորձում է մեզնից խլել այդ ամենահզոր «զենքը»: Զարմանալին մեր իշխանավորների այն հպարտությունն է, որով համեմված հայտարարում են, թե ռուսերենը պետական-պաշտոնական լեզու դարձնելու առաջարկն ընդունելի չէ: Ու ոչ ոք չի ասում, թե ինչո՞ւ ենք այնքան տկար, որ մեզ կարող են նման անպարկեշտ առաջարկ անել:
Օրինակ՝ Ավստրալիայում կան համայնքներ, որտեղ ներգաղթյալը կացության վկայական ստանալու համար լրացուցիչ միավորներ է ստանում, եթե բացի անգլերենից՝ տիրապետում է հայերենին, ռուսերենին, լատիշերենին, ուկրաիներենին, էստոներենին: Բայց ռուսաստանցի պաշտոնյաների մտքով չի անցնում Ավստրալիային առաջարկել ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու: Իսկ Հայաստանին արվում է նման առաջարկ, որովհետեւ այսօր մեր ինքնիշխանության վերջին բաղադրիչը պաշտպանող պաշտոնյաները ոչինչ չեն արել, երբ ՌԴ-ն 25 տարի շարունակ կեղծված ընտրությունները համարել է օրինական, միլիարդներով զենք է վաճառել Ադրբեջանին, իրենով է արել Իրան-Հայաստան գազատարը, բարձրացրել է Հայաստանին մատակարարվող ռուսական բնական գազի գինը:
Ոչինչ չեն անում նաեւ ՌԴ-ի պարտադրանքով եւ իրենց լուռ հնազանդությամբ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո՝ այն դեպքում, երբ ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված է դրույթը, որով ՌԴ-ն պարտավոր է ՀՀ-ին մատակարարվող գազի գինը 30 տոկոսով նվազեցնել:
Մերոնք ոչինչ չարեցին, երբ ռուսները կասկածելի վարքով երիտասարդին ուղարկեցին Գյումրի ծառայության եւ այդպես շարունակ: Օրինակ՝ եթե մի օր ՌԴ-ն որոշի, որ իր շահերի ծիրում Հայաստանը պետք է դառնա «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ, դարձյալ պետք է հնազանդվե՞նք, ինչպես վերջին 25 տարում:
Ցավալի է, որ հայաստանյան ընդդիմադիր ուժերն էլ ՌԴ-ին հակադրվելու հարցում ոչ միշտ են հետեւողական, իսկ առանձին դեպքերում իշխանությունից առավել ռուսասեր են: Ապացույցը` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը վավերացնելու ընդդիմության կեցվածքը: Այս առումով այսօրվա խորհրդարանական ընդդիմության կեցվածքն էլ հուսադրող չէ: ԵԱՏՄ-ի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միասնական դիրքորոշման բացակայությունն առավել քան խոսուն է:
Այս ամենը տեսնում են նաեւ ՌԴ-ում եւ գնալով մեծացնում ախորժակը: Իսկ մեզ համար ցավալի է, որ մեր իշխանությունները «չեն տեսնում» Ռուսաստանի աճող ախորժակը եւ հետեւություն չեն անում: Մեր շախմատիստ եւ շախմատասեր իշխանավորները չեն փորձում հասկանալ` իսկ ո՞րն է լինելու Ռուսաստանի հաջորդ քայլը:
Մուշեղ Իշխանն ասում էր. «Հայոց լեզուն տունն է հայուն»: Հայաստանում Ռուսաստանի «հովանավորությամբ» ծաղկող կոռուպցիայից եւ անարդարություններից ծնված արտագաղթը դատարկում է երկիրը: Բայց ոչ բոլորն են հեռանում: Ու հիմա Ռուսաստան պետությունը, տեսնելով, որ դեռ տունը պահողներ կան, փորձում է պարզապես վերացնել այդ տան գլխավոր սյունը` հայոց լեզուն:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
20.07.2017
Տեղին եվ տրամաբանական հոդված էր.Մեր ժողովուրդն է վերջին խոսք ասողը որովհետեվ լեզուն ժողովրդինն է . իսկ չմոռանանք որ հայ ժողովուրդը տաս միլիոն է.
՛՛Մերոնք ոչինչ չարեցին, երբ ռուսները կասկածելի վարքով երիտասարդին ուղարկեցին Գյումրի ծառայության եւ այդպես շարունակ՛՛:
Երևի ավստրալացիները վերահսկում էին Միացյալ Թագավորության հենակետի զինծառայողների զորակոչն ու հերթափոխը, կամ էլ ճապոնացիներն էին որոշում, թե որ ամերիկացի երիտասարդները պետք է ծառայեին իրենց տարածքում տեղակայված ԱՄՆ հենակետերում, ու էդքանից հետո էնտեղ էլ էին Պերմյակովի նման դեպքեր լինում:
՛՛Հայ-ռուսական համատեղ զորախումբն՛՛ իր կազմում ընդգրկում է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումներ, իսկ թե հայոց ԶՈՒ-ում քանի կորպուս ու դիվիզիա կա, կարող եք ինքներդ ճշտել: Զորախմբի առաքելությունը՝ Թուրքիա-Նախիջևան զորախմբի հակազդեցություն: Եվ վերջ:
Իսկ մեր խոսքից ու լեզվից ոչ ոք, անգամ Ռուսաստանը չի կարող զրկել, եթե մենք ինքներս չհրաժարվենք:
Ընդհանրապես, բավական թույլ գրվածք է, 10-րդ դասարանի մակարդակի զգացմունքայնությամբ: Կարելի է խոսքն առավել փաստարկված գործածել:
Համաձայն եմ vartan -ի հետ 10 միլիոն եք, բայց մեկ այլ Վարդան՝ դերասան Վարդան Պետրոսյանն ասում էր՝ միլիոնով ԲՌԱԿ ենք տվել: Ցավոք այդ ԲՌԱԿՆ այսօր իշխող է ու դրա համար էլ այս վիճակում ենք: