ՀՀԿ-ական ռեկտորի ներկայացուցչի միջնորդության համաձայն՝
դատարանի վրա չէր կարող լինել «ռեկտորի պարտադրանքը»
Օգոստոսի 31-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ կշարունակվի Կորյուն Աթոյանի, Պարույր Քալանթարյանի, Լյուբա Մեհրաբյանի, Միհրդատ Հարությունյանի հայցի հիման վրա նշանակված նախնական դատական նիստը: Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության գործով երրորդ անձ ճանաչված լրատվամիջոցներից «Առավոտն» ու «Հրապարակը» ներգրավվել են որպես երկրորդ պատասխանողներ:
«Առավոտի» ներկայացուցիչը նախորդ դատական նիստին դատարանից խնդրեց հայցվորի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հայցապահանջը ավելացնելու եւ հստակեցնելու մասին միջնորդությունը», քանի որ հայցվոր կողմը չէր տրամադրել:
Երեկ դատարանն ուղարկել է ութ էջից բաղկացած այդ միջնորդությունը:
Միջնորդության մեջ ուսումնական հաստատությունն առանձնացրել է այն արտահայտությունները, որոնք ըստ իր գնահատականի՝ վիրավորանք եւ զրպարտություն են եւ արատավորել են հայցվոր ռեկտորի, դասախոսների պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը:
Բուհը վիճարկելով «Առավոտ» օրաթերթի 2016թ. հունիսի 15-ին տպագրված նախկին աշխատակից, դասախոս Նորիկ Սարգսյանի՝ «Որտեղ է թաքնված շան գլուխը՝ բաց նամակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին» վերնագրով նամակը, զրպարտություն է համարել իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի «ապօրինի վարիչ» անվանելը Լյուբա Մեհրաբյանին. «Սա բացահայտ զրպարտություն է, քանի որ Լ.Մեհրաբյանն ամբիոնի վարիչի պաշտոնում նշանակվել է 08.02.2011թ. բուհի նախկին ռեկտորի՝ Յու. Սուվարյանի թիվ 19 հրամանով՝ «ՀՏՊՀ-ի ամբիոնի վարիչների ընտրության ընթացակարգի» 41-րդ կետին համապատասխան, իսկ 31.05.2012թ. ամբիոնի վարիչ է ընտրվել հինգ տարի ժամանակով բուհի բարձրագույն կոլեգիալ մարմնի գիտական խորհրդի 57 անդամների ձայների մեծամասնությամբ, փակ, գաղտնի քվեարկությամբ»:
Հայցապահանջն ավելացնելիս հայցվորի ներկայացուցիչ Աստղիկ Ղազարյանն ասաց. «Հրապարակման մեջ պատասխանողը զրպարտել է ՀՏՊՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանին: Վերջինիս մեղադրել է ստվերային եւ ֆինանսական այլ խախտումներ կատարելու մեջ, որի պատճառով գլխավոր հաշվապահը եւ իր՝ ռեկտորի որդին հրաժարական են տվել»:
«Առավոտի» նամակագիրը նշել էր նաեւ. «Թե որպես ՀՀԿ խորհրդի անդամ Կորյուն Աթոյանը պարտադրել է ՀՀ դատական ատյաններին կայացնել անարդար վճիռ եւ որոշում՝ զրկելով իրեն մասնագիտական գործունեությունից»:
Իսկ հայցվոր կողմն էլ արձագանքել էր. «Եթե դատարանը չի բավարարել աշխատանքում վերականգնվելու վերաբերյալ Նորիկ Սարգսյանի հայցը, ապա դա եղել է օրենքի շրջանակներում, եւ չէր կարող լինել Կորյուն Աթոյանի «պարտադրանքով»: Դատական երեք ատյաններով է անցել նշված գործը, եւ վերադաս ատյաններում ստուգվել է դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը»:
Հրապարակման մեջ խոսք էր գնացել սպասարկող մեքենաների մասին էլ, բուհի ղեկավարության աշխատավարձերին, մրցույթների անցկացմանը:
Հայցվոր կողմն արձագանքել է այս տեղեկությանը, այն որակելով զրպարտություն.
«Դատարանին տեղեկացնենք, որ բուհի բոլոր պրոռեկտորները չունեն սպասարկող ավտոմեքենաներ: Բացի այդ, նման մեքենաների ձեռքբերման իրավունքը եւս պատկանում է բուհին, ուստի դա չի կարող որակվել կամայականություն, այն էլ հանցավոր կամայականություն»:
Աշխատավարձերի հետ կապված էլ «Առավոտի» նամակագիրը գրել էր. «Կ. Աթոյանի օրոք նվազել է դասախոսների աշխատավարձը, մինչդեռ ՀՊՏՀ-ի ղեկավարության աշխատավարձն արդեն մոտեցել է մեկ միլիոնի շեմին»: Աշխատավարձերի մասին տեղեկությունն էլ հայցվորի գնահատմամբ զրպարտություն է:
Ավելացնելով հայցապահանջը՝ հայցվոր ռեկտորը իրեն «վոլյունտարիստ» անվանելու համար խնդրում է պարտավորեցնել «Առավոտին» մասնակիորեն հրապարակելու դատարանի վճիռը, դասախոսների հետ կապված էլ տալ հերքում:
Պարտավորեցնել՝ բուհից այդ նամակից հետո ազատված դասախոս-նամակագրին վճարելու սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով գումարը:
Գործընկեր «Հրապարակ» թերթի համար միջնորդել են, որպեսզի տպագրի հերքում, հայցվորն ուղարկել է հերքման տեքստը: «Հրապարակում» տպագրածի համար Նորիկ Սարգսյանը հօգուտ հայցվոր կողմի՝ վճարելու է կրկնակի՝ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
20.07.2017