Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մարդիկ սկսում են խմբովի ձայնակցել, ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում» (Տեսանյութ)

Հուլիս 21,2017 13:00

«Հայ հայտնի գործիչներ» շարքից՝ սիրված կիթառահար եւ երգիչ՝
Ժիրայր Բարսամյան

Ինչպես հայտնի է՝ երգիչների համար ամենակարեւորը ձայնային տվյալներն են ու երաժշտական լսողությունը: Եթե մարդն օժտված չէ այս հատկություններով, ապա անհնար է նրան երգիչ դարձնելը: Երգիչներն ու երաժիշտները մանուկ հասակից հաճախում են երաժշտական դպրոց, ուսումնարան, երաժշտանոց (կոնսերվատորիա), նույնիսկ մագիստրոսի կոչում են ստանում մինչեւ հասարակության կողմից ճանաչված եւ սիրված դառնալը: Սակայն դա այդպես չեղավ Լոս Անջելեսում ճանաչված, նրբաճաշակ կիթառիստ եւ հանրահայտ երգերի անզուգական կատարող Ժիրայր Բարսամյանի պարագայում, քանի որ նա ինքնուս էր՝ օժտված հիանալի ձայնային տվյալներով, երաժշտական նուրբ լսողությամբ, եւ դա բոլորովին էլ զարմանալի չէ: Մի՞թե աշխարհահռչակ կիթառահարներ եւ երգիչներ Ջիմի Հենրիկսը (Jimi Hendrix), Չաք Բերրին (Chuck Berry) կամ Էրիկ Կլապտոնը (Eric Clapton) երաժշտական որեւէ կրթություն էին ստացել: Նրանք, ինչպես հարկն է, նույնիսկ նոտաներին ծանոթ չէին:

Ժ. Բարսամյանի հայրը հայրենադարձվել էր Սիրիայի Դամասկոս քաղաքից, իսկ մայրը՝ Բուլղարիայի Խասկովո քաղաքից: Սկզբում ապրել են Կիրովականում, այնուհետեւ տեղափոխվել են Երեւան, որտեղ էլ 1953թ.-ին ծնվել է Ժ. Բարսամյանը: Նա ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը եւ դարձել մականախաղի (խոտի հոկեյ) մարզիչ: Ժ. Բարսամյանը նաեւ մականախաղի սպորտի վարպետի թեկնածու է եւ եղել է մականախաղի ԽՍՀՄ կարգի մրցավար: Միաժամանակ աշխատում էր Երեւանի «Նաիրիտ» գործարանում՝ որպես վարպետ-խառատ, որտեղ աշխատում էր նաեւ նրա հայրը՝ որպես վարպետ-զոդող:

11-12 տարեկանում ծնողները նվիրեցին նրան 6 լարանի մի կիթառ, որի վրա պատանի Ժիրայրը շատ շուտ սովորեց վարժ նվագել: Նա դեռ մանուկ հասակից հասկացավ, որ երգն ու երաժշտությունն իրենից անբաժան են լինելու ամբողջ կյանքի ընթացքում: Այդպես էլ եղավ: Սկզբում նա նվագում ու երգում էր ընտանեկան հավաքույթներում ու ընկերական խնջույքներում: Այնուհետեւ նրան սկսեցին ճանաչել եւ, հետեւաբար, հրավիրել զանազան պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջոցառումներին:

Ժ. Բարսամյանի երգացանկը շատ բազմազան է: Այն ընդգրկում է ժողովրդական, գուսանական եւ էստրադային ժանրի բազմաթիվ երգեր: Նա սիրում է կատարել նաեւ երգիչ, երգահան, կիթառահար եւ բանաստեղծ Ռուբեն Հախվերդյանի երգերը: Նրա քաղցրահնչյուն ու հզոր ձայնը, համեստ եւ հարգալից կեցվածքն անմիջապես գերում է միջոցառումների մասնակիցների սրտերը: Ժ. Բարսամյանը մեծն բանաստեղծ Պարույր Սեւակի 10 բանաստեղծությունների («Արգելանոց», «Պատահաբար են պատահում կյանքում», «Քո պատճառով», «Մարդ էլ կա, մարդ էլ», «Ինքս ինձ հերքում», «Ծնվել եմ», «Մեռնել», «Երազում եմ», «Գժվել եմ» եւ «Հանգստանում եմ») խոսքերով երգեր է գրել, որոնք ջերմ ընդունելություն են գտել ունկնդիրների մոտ:

1976թ.-ին ամուսնացել է, ունի երկվորյակ զավակներ՝ դուստր եւ որդի: 1990թ.-ին ընտանյոք հանդերձ մշտական բնակության է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այնտեղ նա աշխատել է որպես վարպետ-խառատ, բայց շարունակել է միաժամանակ իր գործունեությունը երաժշտության ասպարեզում: Իմիջիայլոց, Ֆյոդոր Իվանովիչ Շալյապինը նույնպես խառատ է եղել եւ ինքնուս երաժիշտ, բայց դա չի խանգարել նրան դառնալու իր ժամանակի լավագույն օպերային երգիչներից մեկը: Ժ. Բարսամյանը բազմաթիվ հանդիսությունների, խնջույքների, գրքերի շնորհանդեսների, հոբելյանական միջոցառումների ժամանակ նվագել եւ երգել է: Նա ԱՄՆ Հայ գրողների միության (ՀԳՄ) Արվեստի խմբակցության անդամ էր, իսկ վերջերս էլ ընտրվել է որպես այդ խմբակցության նախագահ: Ժ. Բարսամյանը ելույթ է ունեցել Գլենդելի հայկական եկեղեցիներից մեկում Պարույր Սեւակի ծննդյան 75-ամյակի եւ ավագ դպրոցներից մեկում՝ 80-ամյակի կապակցությամբ: Երկուստեք միջոցառումներին ներկա է եղել մեծ բանաստեղծի որդին՝ Կորյուն Ղազարյանը, ով բարձր է գնահատել Ժիրայրի երգերը՝ գրված Պ. Սեւակի բանաստեղծությունների խոսքերով: Նա մենահամերգով հանդես է եկել Կալիֆոռնիայի Բրբանկ քաղաքի «Ստեյջ» (Stage) ռեստորանում, երգել է Քեսաբի միության եւ Սիսեցիներ միության միջոցառումների եւ տոնակատարությունների ժամանակ, բազմաթիվ անգամներ Պարույր Սեւակի գրական-մշակութային ակումբում, որի հիմնադիրն ու նախագահն է մանկավարժ Հասմիկ Խաչատրյանը, մանկագիր եւ տիկնիկագործ Ֆիրա Ակյանի գրքերի ու տիկնիկների շնորհանդեսին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանում, այս տարվա ԱՄՆ ՀԳՄ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ եւ հունիսի 25-ին՝ ԱՄՆ ՀԳՄ բացօթյա խնջույքի ժամանակ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի «Բրանդ» գեղատեսիլ զբոսայգում:

Ժ. Բարսամյանը բազմիցս հանդես է եկել Կալիֆոռնիայի հայկական հեռուստաալիքներով մարզական եւ երաժշտական ծրագրերում: Նա եղել է հեռուստալրագրողներ Ալինա Սարգսյանի, Արտեմ Սարգսյանի, Նունե Ավետիսյանի, Անահիտ Մարտիրոսյանի եւ այլոց ծրագրերի հաճախակի հյուրը: Նրան լավ է ճանաչում լոսանջելեսաբնակ հայ հասարակությունը:

Անցյալ տարի հունիսին, հայաստանաբնակ ընկերների հրավերով, այցելել է Հայաստան եւ Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանի հովանավորությամբ եւ օժանդակությամբ այցելել է Տավուշի, Վանաձորի եւ Արցախի մի շարք զորամասեր՝ մենահամերգներ տալով ու հանդիպումներ ունենալով Հայոց բանակի փառապանծ զինվորների հետ: Այցելել է նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված եւ վիրավորված մեր հերոս զինվորների ընտանիքներին:

Ժ. Բարսամյանը ստացել է բազմաթիվ պատվոգրեր թե՛ Կալիֆոռնիայում եւ թե՛ Հայաստանում: Օրինակ՝ «Պատվոգիր՝ ԱՄՆ Հայ գրողների միության կողմից՝ սփյուռքում երաժշտության, գեղագիտության մատուցման, արդյունավետ ու արժեքավոր գործունեության համար», «ԼՂ Պաշտպանության բանակի պատվոգիր Ժ. Բարսամյանին՝ բարերարություն կատարելու եւ բանակաշինության գործում զգալի ավանդ ներդնելու համար», «ՀՀ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարից շնորհակալագիր՝ հայրենանվեր գործունեության, բարեգործական ծրագրերի նախաձեռնության եւ ակտիվ մասնակցության համար»:

«Ի՞նչ է Ձեզ համար երգը» հարցին ճանաչված երգիչը պատասխանեց.
– Երբ իմ կատարումների ժամանակ մարդիկ սկսում են խմբովի ձայնակցել ինձ եւ նույնիսկ պարել, ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում…

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆոռնիա, Գլենդել

 

«Առավոտ»

20.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31