Արյան մեջ կարմիր գնդիկների պակասի դեպքում առաջանում է ծանր հիվանդություն՝ սակավարյունություն (անեմիա)։ Այն երբեմն շատ սուր ձեւով է դրսեւորվում՝ վերածվելով չարորակ սակավարյունության։ Հիվանդը կամաց-կամաց հյուծվում է, արյան մեջ շարունակ նվազում է հեմոգլոբինի պարունակությունը։ Հիվանդությունը շատ հաճախ մահացու ելք է ունենում։ Սակավարյունությունն ավելի հեշտ է կանխել, քան՝ բուժել։
Երկար ժամանակ բժշկությունն անզոր էր այս ծանր հիվանդության դեմ մղվող պայքարում։ B12 վիտամինի հայտնագործումը հնարավորություն տվեց կասեցնել այս չարաբաստիկ հիվանդությունը։ B12-ի բաղադրության մեջ պարունակվում է 4% կոբալտ։ Այդ պատրաստուկի 1 գրամի միլիոներորդական մասը կանխում է անեմիայի հետագա զարգացումը, իսկ ավելի մեծ չափաբաժնի դեպքում այն վերանում է։
B12 վիտամինը բացառիկ նշանակություն ունի մարդու եւ կենդանիների օրգանիզմների համար։ Գիտնականներից ոմանք գտնում են, որ առանց B12-ի արյան գոյացումն անհնարին կլիներ, քանի որ այն մտնում է արյան յուրաքանչյուր կարմիր գնդիկի բաղադրության մեջ։
Գանգատները՝ լինում է գլխապտույտ, հեւոց, աղմուկ ականջներում, սրտի ռիթմը խանգարվում է, մազերը փշրվում են, թափվում, եղունգները՝ շերտավորվում, կոտրատվում, մաշկը դառնում է չոր, գունատ, բերանի անկյուններում հայտնվում են ճաքեր, խախտվում է համի զգայարանը։
Սակավարյունության դեպքում խորհուրդ է տրվում՝
1. Վերցնել հավասար քանակությամբ գազար, բողկ, ճակնդեղ, քերել, քամել, հյութը լցնել մուգ գույնի շշի մեջ։ Բերանը խմորով ամուր փակել, այնուհետեւ դնել տաք ջեռոցի մեջ եւ պահել 4 ժամ։ Ստացված հյութը խմել օրը երեք անգամ 1 ճաշի գդալ՝ ուտելուց առաջ։
2.1 թեյի գդալ մասուրին ավելացնել 250 միլիլիտր եռացրած ջուր, թույլ կրակով 10 րոպե եփել էմալապատ կաթսայում, այնուհետեւ ծածկոցով փաթաթել, թողնել մեկ օր, քամել, ավելացնել 1 լիտր մեղր։ Օգտագործել օրը երեք անգամ՝ ճաշելուց 15-20 րոպե առաջ։ Այս խառնուրդը ցանկալի է օգտագործել ողջ տարվա ընթացքում, քանի որ այն օգտակար է նաեւ ուժասպառության եւ նյութափոխանակության խանգարումների դեպքում։
3.Կաթսայի մեջ լցնել 200-ական գրամ կակաո, մեղր, կարագ, խոզի փորոտիքի հալած ճարպ, թույլ կրակով եփել՝ անընդհատ խառնելով։ Երբ եռա, կրակից վերցնել, թողնել սառչի, հետո լցնել ապակյա տարայի մեջ՝ պահելով սառը եւ մութ տեղում։ Օգտագործել օրը չորս անգամ՝ 1 թեյի գդալ խառնուրդը նախօրոք լուծելով 1 բաժակ տաք կաթի մեջ։
4. Ամեն օր ուտել եղինջով ապուր եւ հում մաղադանոս։
5. Ամեն առավոտ ուտել 100 գրամ գազար՝ այն խառնելով թթվասերի կամ արեւածաղկի ձեթի հետ։
6. 300 գրամ սխտորը մաքրել եւ լվանալ, լցնել 1 լիտր մաքուր սպիրտի մեջ, 3 շաբաթ թրմել։ Խմել օրը երեք անգամ 20 կաթիլ՝ թուրմը լցնելով 0,5 բաժակ կաթի մեջ։
7. Հաճախակի ուտել եփած բազուկ կամ խմել բազուկի հյութ, որը կիսով չափ պետք է խառնել գազարի հյութի հետ՝ ընդունելով օրը 3-4 բաժակ։
8. Օրը 2 բաժակ դառը գինի խմել, մեկը՝ ճաշին, մյուսը՝ ընթրիքին։
9. Վերցնել 1-ական ճաշի գդալ եղինջի տերեւներ, խատուտիկի արմատներ, հազարաթերթիկի ծաղիկներ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել 3 ժամ, հետո քամել։ Խմել 1/4 բաժակ՝ ուտելուց 20 րոպե առաջ։ Բուժման կուրսը 15 օր է։
10. Ամեն օր ուտել 400-600 գրամ թարմ խնձոր։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
20.07.2017