Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ԽՈՍՔԵՐԻ

Հուլիս 21,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ իննսունչորսերորդ

ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ԽՈՍՔԵՐԻ

Եվ Ֆրունզիկը ժպտալով ինձ հարցրեց՝ «բայց դու էս կենացը չես խմելու, չէ՞», եւ ես ժպտալով ասացի՝ «խմելու եմ», եւ հայրս թարս նայեց ինձ ու գոռալով հարցրեց՝ «ի՞նչ ես խմելու», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «լիմոնադ», եւ Ֆրունզիկը հորս ասաց՝ «Արմենչոն արդեն տղամարդու խոսք ա տվել, որ էլ երբեք չի խմելու», եւ ես ժպտալով ասացի՝ «խմելու եմ», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչ ես խմելու», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «լիմոնադ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «եթե դեմ եք, կարամ լիմոնադ էլ չխմեմ», եւ Ֆելոն Ֆրունզիկին ասաց՝ «էս կենացն արդեն թթվացրինք, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը  Ֆելոյին հարցրեց՝ «ո՞ր կենացը» եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «բոլորիս կենացը», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց իմ կենացն արդեն առանձին խմել ենք», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «քո կենացը կարելի ա հազար անգամ էլ խմել», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «դեմ ե՞ք, որ մեր ու ձեր կենացները միասին խմենք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ իմ համար շատ մեծ պատիվ ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «մեր համար ավելի մեծ պատիվ ա», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «դե մի բան ասա՝ խմենք»,  եւ Ֆրունզիկը զարմացած  հարցրեց՝ «ի՞նչ ասեմ», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «մեր կենացն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեր մասին մի բան ասա՝ խմենք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց, ոտքի կանգնեց, մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր կենացը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առանց ավելորդ խոսքերի» եւ իր բաժակը հերթով մեր բաժակներին խփելով ասաց՝ «կենացդ՝ Ուստա Հակոբ ջան, կենացդ՝ Վոլոդյա ջան, կենացդ՝ Ֆելո ջան, կենացդ՝ Արմենչո ջան» ու առանց ավելորդ խոսքերի իր բաժակի պարունակության կեսը խմեց, եւ Ֆելոն իր բաժակը մեր բաժակներին  խփելով ասաց՝ «մեր կենացը» եւ ամենավարջում իր բաժակը հորս բաժակին խփելով ավելացրեց՝ «մերսի, Ուստա Հակոբ», եւ հայրս զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ Ֆելոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հաստիքի համար», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով  Ֆելոյին հարցրեց՝ «չլսեցի՞ր Ֆրունզն ինչ ասեց», եւ Ֆելոն հարցրեց՝ «ի՞նչ ասեց», եւ հայրս ժպտալով ասաց՝ «ասեց՝ առանց ավելորդ խոսքերի», եւ Ֆելոն նորից բաժակը բարձրացրեց ու նորից ասաց՝ «մեր կենացը» եւ ժպտալով ավելացրեց՝ «առանց ավելորդ խոսքերի», եւ Վոլոդյան բաժակը բարձրացրեց ու ասաց՝ «զա նաս» եւ ժպտալով ավելացրեց՝ «բեզ լիշնիխ սլով» եւ խմեց, եւ հայրս էլ նույնը հայերեն ասաց ու խմեց, եւ ես էլ բաժակս բարձրացնելով նույնն ասացի ու լիմոնադս խմեցի, եւ Ֆրունզիկն իր բաժակը բարձրացնելով՝ ժպտաց ու ասաց՝ «առանց ավելորդ խոսքերի» եւ մի քիչ մտածեց, նայեց վերեւ ու ասաց՝ «Աստված ջան, շատ չհամարես» ու էդ ասելով՝ իր կիսատ օղին խմեց եւ բաժակը սեղանին դնելով ու քիթուբերանը ծռմռելով ինձ ասաց՝ «էս զիբիլը  ոնց էլ խմում ես, այ Արմեն», եւ հայրս նայեց ժամացույցին ու Ֆրունզիկին ասաց՝ «ժամուկեսից ներկայացման ես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իզուր ես էդ զիբիլը խմում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք խմում ենք՝ Հրաչյա Ներսիսյանի անունն ա դուս գալի» եւ մի քիչ էլ մտածեց, նայեց ժամացույցին, հետո նայեց հորս ու ժպտալով ասաց՝ «ներկայացմանս ուղիղ էրկու ժամ կա», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «բայց ներկայացումից առնվազն մի ժամ առաջ պիտի թատրոնում լինեք», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «մի անգամ  դուք եք ասել», եւ Ֆրունզիկը ժպտալով ինձ ասաց՝  «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «ձեր բոլոր ասածները հիշում եմ»:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31