Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեկվա այցին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետարանը միշտ մեծ աջակցություն է ցուցաբերել Ստեփանակերտին:
Նախ Երևանի քաղաքապետի այս այցը նախորդներից առանձնանում էր նրանով, որ քաղաքապետարանի պատասխանատուներից բացի պատվիրակության կազմում էին նաև Երևան քաղաքի ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ, աշխատակազմի վարչության պետեր:
«Դեռևս 2012 թ. Երևանի քաղաքապետի հետ ստորագրվել էին համագործակցության և բարեկամական հուշագրեր: Երևանի քաղաքապետարանը միշտ իր աջակցությունն է ցուցաբերել Ստեփանակերտին: Այժմ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, շարունակվում է Ազատամարտիկների այգու շինարարական աշխատանքները»,- նշում է քաղաքապետը:
Նրա խոսքով՝ երեկվա այցի շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը սոցիալական աջակցություն է տրամադրել Ստեփանակերտի 15 քաղաքացիների, նվիրաբերել է գրքեր Ստեփանակերտի քաղաքային և հանրապետական մանկական գրադարաններին, համապատասխան գրականություն Ստեփանակերտի երաժշտական դպրոցին:
«Նաև նշեմ, որ Երևանի քաղաքապետարանը ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ստեփանակերտի տնտեսության կառավարման ուղղությամբ՝ փոխանցելով իր հարուստ փորձը: Վստահ եմ, որ Ստեփանակերտի և Երևանի միջև շարունակական բնույթ է կրելու տարբեր ուղություններով սերտ համագործակցությունը և բարեկամական կապը»,- ընդգծում է Սուրեն Գրիգորյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ