Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ամբողջ պոլկ հարբած, լցվել էր էս քյասիբ բաժանմունքը եւ տվել ջնջխել են»

Հուլիս 20,2017 20:16

«Հարբած, խմած մի ամբողջ պոլկ լցվել էր էս քյասիբ բաժանմունքը եւ տվել` ջնջխել են: Պահարանները շուռ են տվել, ջարդել են, դեղորայքը փչացրել են, սարքավորումները շուռ են տվել, ինժեներ ենք կանչել, որպեսզի տեսնենք` աշխատում են, չեն աշխատում»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց  Վաղարշապատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մելիք Կոնդյանը: 

Դեպքը տեղի է ունեցել Վաղարշապատի հիվանդանոցում, երբ խնջույքի տեղից մի քաղաքացու մահացած վիճակում տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  մահացած հիվանդի հարազատները ջարդուփշուր են արել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ապակիներն ու գույքը՝ սպառնալով բժիշկներին:

Մեզ հետ զրույցում բաժանմունքի վարիչը հայտնեց, որ հիվանդին ոչ թե շտապօգնությունով են տեղափոխել իրենց հիվանդանոց, այլ` հարազատներն իրենց ուժերով եւ արդեն մահացած վիճակում: Չնայած դրան` բժիշկները փորձել են վերակենդանացման միջոցառումներ կատարել եւ, ինչպես բժիշկ Կոնդյանն է ասում, արհեստական շնչառություն են տվել, սրտի մերսում են արել, սակայն մահացածն այդպես էլ չի վերակենդանացել:

Ըստ Մելիք Կոնդյանի` դրանից հետո մահացածի հարազատները հարձակվել են բժիշկների վրա: Նրա ներկայացմամբ` մահացածի հարազատները խնջույքի մասնակցելիս են եղել, երբ դեպքը տեղի է ունեցել. «Մահացածի, կարծեմ, եղբոր տղան բանակից եկել է, հավաքվել են ուրախության համար, ինքը վատ է զգացել, հաստատ չեմ կարող ասել, բայց կարծես թե, նախկինում այդ քաղաքացին սրտի խնդիրներ է ունեցել եւ այդ ժամանակ հանկարծակի ընկել է, մինչեւ հասցրել են հիվանդանոց, մահացած է եղել»:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե հարազատները ալկոհոլի ազդեցության տա՞կ են եղել, բժիշկ Կոնդյանն ասաց` խնջույքի տեղից բոլորը հարբած եկել են: Հետաքրքրվեցինք նաեւ, թե բժիշկները տուժե՞լ են արդյոք: «Լուրջ վնասվածքներ չեն ստացել, պարզապես պահարանի ապակին, որը կոտրվել է, կարող էր լուրջ վնասներ հասնել նրանց, եթե չփախչեին»,-ասաց բաժանմունքի վարիչը:

Ըստ նրա` ոստիկանությունը դեպքի առիթով նյութեր է նախապատրաստել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Մարդկանց այդպիսի պահվածքը առավել բնորոշ է Էջմիածնին, Գյումրուն և Սյունիքին: Թե ինչու …. դժվար չէ կռահել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31