Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ գործարարներ Հակոբ Փիլավճյանին, Մարտիրոս Պօզաքալյանին, Կարուշ Ղազէլյանին, ովքեր 2005 թ. Հալեպում հիմնել են «Հայլանտ» շինարարական ընկերությունը, որն այնտեղ 11 շենք է կառուցել: 2012 թ. ընկերությունը տեղափոխվել է Երևան, որտեղ էլ ընկերության կողմից կառուցվել է բնակելի մեկ շենք: Ընկերությունը պատրաստվում է կառուցել երկրորդ շենքը, որի առաջին հիմնաքարը հանդիսավորությամբ կտեղադրվի մոտ օրերս: Հանդիպմանը մասնակցում էր նաև Քուվեյթի Ազգային վարժարանի փոխտնօրեն, «Ազդարար» շաբաթաթերթի խմբագիր Կարօ Արսլանյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքահայ գործարարների ջանքերը՝ Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: «Ծնունդով տաբեր տեղերից ենք, բայց բոլորս հայաստանցի ենք: Ձեր կարգախոսն է` Հայրենիք ենք վերադարձել, տուն ենք կառուցում»», – հավելեց նախարարը:
Հայրենադարձ գործարարները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Նրանք ներկայացրին կազմակերպության ծրագրերը, հեռանկարներն ու հնարավորությունները, հրավիրեցին նախարարին՝ ներկա գտնվելու նոր շենքի հիմնարկեքին, պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ:
ՀՀ սփյուքի նախարարություն