Ինչպես տեղեկացրել ենք, գիշերը ժամը 03.50-ի սահմաններում ծանր մարմնական վնասվածքներով՝ պարանոցի աջ ու ձախ մակերեսների կտրած-ծակած արյունահոսող վերքերով, գագաթային, աջ դաստակի նախաբազկի, բազկի, ձախ նախաբազկի կտրած-ծակած արյունահոսող վերքերով, հեմորագիկ, տրավմատիկ շոկով Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել 34-ամյա Արտակ Դիլանյանին, որն առավել հայտնի է Ադլո մականվամբ։ Դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Ռելաքս» գիշերային ակումբի դիմաց գտնվող գազալցակայանի մոտ։
Ադլոն, նախնական տեղեկությունների համաձայն, եկել է գիշերային ակումբ, զվարճացել է, սկսվել է վիճաբանություն, որն ավարտվել է դանակահությամբ։ Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Ադլոն Արթիկի քրեակատարողականի դատապարտյալ է։ Նրա մասնակցությամբ մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել ավտովթար, որի հետևանքով երկու հոգի մահացել էին։
Արտակ Դիլանյանը 2014 թվականի նոյեմբերի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 5 տարի 9 ամիս ազատազրկման և պատիժ կրում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում՝ համարվելով բաց-ուղղիչ հիմնարկի դատապարտյալ։
Aravot.am ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերից հետաքրքրվեց, թե վերջինս իրավունք ունե՞ր ազատ ներս ու դուրս անել, գիշերվա կեսին դուրս գալ Արթիկի քրեակատարողական հիմնարկից։ Մեզ տեղեկացրեցին, որ Արտակ Դիլանյանը, լինելով բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալ, առանց պահակախմբի է տեղաշարժվել, դա ներքին կանոնագրքի 8-րդ կետի համաձայն է։ Եվ որ վերջինս, նախքան այս դեպքը, երեկոյան հաշվառման ժամանակ ներկա է եղել, մատյանում առկա է նրա ստորագրությունը։ Գիշերը դուրս է եկել, բայց քանի որ դուրս չի եկել հիմնական դարպասներից, պահակները նրան չեն տեսել։ Իսկ թե ինչպե՞ս է դուրս եկել, քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ նշանակված է քննություն, պարզվում են բոլոր հանգամանքները։ Չի բացառվում, որ քրեական գործ հարուցվի այս փաստի առթիվ։
Ո՞վ է կասկածվում Ադլոյին դանակահարելու մեջ, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ փոխանցեց, որ օպերատիվ տեսադաշտում կա անձ, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ու վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այ մարդ, ՞Առաջընթաց ու անվտանգություն՞ քարոզողների Հայաստանում անգամ դատապարտյալը իր տեղում չի, բա էդպես ոնց կլինի, կարող է խիարը հա էլ պտի տարս բուսնի, վրեքս խաբար չկա?