Այսօր «Հրապարակ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը» հնարավոր է հանվի մասնավորեցման ենթակա պետական բուժհիմնարկների ցանկից՝ ՀՅԴ-ի միջամտությամբ:
Հիշեցնենք, որ կառավարության` պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրով նախատեսվում է պետական տասնյակից ավելի բուժհիմնարկներ եւ այլ կենտրոններ մասնավորեցնել:
Aravot.am-ն այսօր առողջապահության նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ է, որ հիվանդանոցը ՀՅԴ-ի միջամտությամբ մասնավորեցման ցանկից հանվելու է, եւ արդյոք ճի՞շտ է քաղաքական նպատակներով այդ հիվանդանոցը ցանկից հանելը, ինչ է թե դրա ղեկավարը՝ Նորայր Դավիդյանը, դաշնակցական է: Ալթունյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ ծանոթ չէ այդ տեղեկությանը, ապա շարունակեց. «Առողջապահական համակարգում եւ մարդկանց առողջության համար ոչ մի նշանակություն չունի կուսակցությունը: Ցանկացած կուսակցության դեպքում առողջապահությունը պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին: Եթե այդպիսի համապատասխանություն չունենք, մենք սկսում ենք մտածել մասնավորեցման մասին»:
Մեր ճշտող հարցին էլ՝ Ձեր կարծիքով՝ այդ բուժկենտրոնը պե՞տք է մասնավորեցվի, Ալթունյանը դրական պատասխան տվեց. «Այո, իմ կարծիքով՝ այն ցանկը, որն այսօր վավերացված է կառավարության կողմից որպես մասնավորեցման, ճիշտ է»:
Հարցին՝ այս բուժհիմնարկի աշխատակիցներն ու ղեկավարը դժգոհել են, որ մասնավորեցման մասին իրենց չեն տեղեկացրել, իրենց հետ չեն քննարկել, ինչո՞ւ, պարոն Ալթունյանը պատասխանեց. «Ցանկացած փոփոխություն միշտ առաջացնում է մարդկանց դիմադրությունը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ