Թուրքական «Gazetekarinca» լրատվական կայքը, որն ընթերցողներին ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից փրկվածների պատմություններ, այս անգամ անդրադարձել է ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Դերեք Շիրինյանի ընտանիքի պատմությանը:
Շիրինյանը Հայաստանում ապրող իր բարեկամներին կարողացել է գտնել մի լուսանկարի շնորհիվ, որի վրա պատկերված են եղել երկու հայդուկ կին, որոնցից մեկն էլ եղել Շիրինյանի տատիկի մայրը՝ Ելիզաբեթ Յազիջյանը:
Ելիզաբեթը ծնվել և մեծացել է Արաբկիրում, հարուստ հայ ադամանդագործի ընտանիքում: 1890-ականների Համիդյան ջարդերի ժամանակ Յազիջյան ընտանիքի մի մասը բռնի իսլամացվում է՝ փրկվելով մահից, մի մասն էլ հրաժարվում է կրոնափոխ լինի և հետագայում կախաղան է բարձրացվում:
Սակայն ընտանիքին ամենամեծ դժբախտությունը պատահում է 1915թ. երբ ազգայնական խմբերը գալիս են նրանց տուն սպանում Ելիզաբեթի հարազատներին: Կինը հրաշքով է փրկվում: Տեսնելով թե ինչպես են գլխատում եղբորը՝ նա ուշագնաց է լինում, իսկ ավազակները նրան հատակին տեսնելով, կարծում են, թե մահացել է:
Ընտանիքը կորցնելուց հետո Ելիզաբեթը անդամակցում է հայկական ինքնապաշտպանական խմբերին: Ելիզաբեթն աղջկան՝ Մարիամին (Դերեք Շիրինյանի տատիկը), որն այդ ժամանակ 2 տարեկան էր, իր ընկերներից մեկը առաջարկով ապահովության համար ուղարկում է Ամերիկա:
Ըստ պայմանավորվածության՝ Ելիզաբեթի ընկերները Մարիամին պետք է խնամեին մինչև պատերազմի ավարտը, սակայն Ամերիկա հասնելուն պես Մարիամին հանձնում են հարուստ ամերիկացի մի զույգի, որը զավակներ չուներ:
Ելիզաբեթը պատերազմից հետո դստերը գտնելու նպատակով ուղևորվում է ԱՄՆ, սակայն Մարիամը, որ չգիտեր որդեգրված լինելու մասին, չի հավատում Ելիզաբեթին: Վերջինս որևէ ապացուցող փաստաթուղթ չուներ, չի կարողանում ապացուցել ո՛չ դստերը, ո՛չ էլ դատարանին իր իրավացիությունը: Հուսահատված նա վերադառնում է Հունաստան, որտեղ նոր ընտանիք է կազմում, սակայն չի մոռանում Մարիամին և շարունակում է անպատասխան նամակներ գրել նրան: Այդ նամակներից մեկի հետ ուղարկում է նաև հայտնի լուսանկարը:
Հասուն տարիքում արդեն Մարիամը փորձում է գտնել մորը, սակայն ապարդյուն: 1946թ. Ելիզաբեթը ընտանիքի հետ հայրենադարձվում: Սովետական իշխանությունները նրա ամուսնուն մեղադրում են Անգլիայի օգտին լրտեսություն անելու մեջ և աքսորում են Սիբիր: Ելիզաբեթը մահանում է 1972 թվականին Երևանում:
Ելիզաբեթի սերունդները վերամիավորվեցին 2015 թվականին, երբ ամերիկացի հայտնի երաժիշտը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է տատիկի պատմությունն ու ցույց է տվել Հայաստանում շատ հայտնի լուսանկարը: Ելիզաբեթի Հայաստանում բնակվող թոռը Մարինա Յազիջյանը ճանաչում է տատիկի լուսանկարը, ինչից հետո կապ է հաստատում է Շիրիանյանի հետ: Ընտանիքն առաջին անգամ հանդիպում է 2015-ի ապրիլին, երբ Դերեքը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Այդ օրերին իր զգացմունքների մասին խոսելիս հայտնի երաժիշտը ասել է. «Վերջին այցս Երևան ինձ համար շատ կարևոր էր: Զգացմունքային առումով դժվար էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այնտեղ գտնվել, սակայն իմ կողքին էին զարմիկներս, որոնց մինչև այդ չէի ճանաչում: Նրանք ինձ նաև Ելիզաբեթի գերեզմանին տարան: Իսկապես, կարծես, ֆիլմի տեսարան լիներ»: