Զրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ ԳՐԻԳՈՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ
–Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ–ն հրապարակեց տեսանյութ՝ նշելով, որ ձեռք են բերել ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի արդիականացված հրթիռներ: Հակազդման ի՞նչ միջոցներ ունենք:
ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է, ՊԱՏՐԱՍՏ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ–Նախ ասեմ, որ այդ համակարգի հնարավորությունները չափազանցված են: Կրակի առավելագույն հեռավորությունը 6 կմ է, այն կարելի է խոցել հարվածային զինատեսակներով: Այն կիրառողը ավելի վտանգված է, քան դրանից պաշտպանվողը: Ապրիլյան մարտագործողությունների ժամանակ մեր ստորաբաժանումների կողմից իրականացվել է խոցում, մեկ միավոր էլ վնասել ենք: Նշված զինատեսակի կիրառումից կորուստներ չենք ունեցել: Վստահեցնում եմ, որ դրանք ժամանակին հայտնաբերելու եւ ոչնչացնելու բոլոր հնարավորություններն ունենք: Այնպես որ, ակտիվ մարտագործողությունների ժամանակ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետները պարզապես չեն հասցնի կրակային դիրք զբաղեցնել:
–Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի պնդումը, թե Ադրբեջանն արդեն ունի հակահրթիռային զենք, որն ունակ է հարվածելու հայկական կողմի «Իսկանդերից» արձակված հրթիռները:
–Դատարկաբանությո՛ւն: Բացահայտ սուտ է` ուղղված մեղմելու իրենց հասարակության մեջ տիրող ահուսարսափը: Նա պարզապես որոշել է գլուխ գովել եւ հերթական անգամ ի ցույց է դրել մասնագիտական գիտելիքների ցածր մակարդակը: Անգամ աշխարհի գերհզոր բանակների ներկայացուցիչները չեն պնդում, որ ունակ են «Իսկանդեր» խոցելու: Այդ համակարգի հրթիռի արագությունը հետագծի սկզբնական հատվածից հետո վայրկյանում 2100 մետր է: Նման արագությունը անհնար է կասեցնել Ադրբեջանի սպառազինությունում առկա համալիրներով:
–Պարոն հրամանատար, նաեւ մեր համալրումներից խոսենք: Հրթիռահրետանային ի՞նչ նոր միջոցներ ենք ձեռք բերել ապրիլից հետո:
–Թե՛ ապրիլյան մարտագործողությունների ժամանակ, թե՛ դրանից հետո հետախուզության միջոցների բավական ծանրակշիռ համալրում ենք ունեցել: Սա մեզ հնարավորություն է տալիս նկատելու անհրաժեշտ շարժերը, ուղղությունները, կուտակումները, իսկ մեր քաղաքական ղեկավարությանն ու բանակի հրամանատարությանը՝ ճշգրիտ որոշումներ ընդունելու: Ես կիլոմետրերը չեմ նշի, միայն ասեմ, որ խոսքը ստրատեգիական խորությունների մասին է: Ինչ վերաբերում է կրակային միջոցներին, ապա համալրվել ենք գերճշգրիտ, գերհզոր հրթիռներով, որոնք բազմապատկել են մեր՝ մասշտաբային խնդիրներ լուծելու հնարավորությունները: Չբացելով փակագծերը՝ ավելացնեմ, որ տարբեր ուղղություններում ունենք ժամանակակից զենքեր, որոնք հնարավորություն են ընձեռում, օրինակ, խոցելու հակառակորդի տանկերը մի քանի անգամ ավելի մեծ խորությունում:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայ զինվոր» թերթում