Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավճիռը բողոքարկելու որոշում կկայացվի մեղադրյալի հետ խորհրդակցությունից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, հայտարարել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:
Մեկնաբանելով իր պաշտպանյալի դատավճիռը՝ Չերնինն այն բնութագրել է որպես «նորմալ» և գործող ընթացակարգային օրենսդրությանը համապատասխան:
«Դատավորը բավականին օբյեկտիվ է մոտեցել (քրեական գործին-խմբ.): Այն, ինչ մենք խնդրում էինք բացառել, գոնե 50 տոկոսով դատարանը բացառել է: Դա էլ քիչ չէ»,- ասել է Չերնինը:
Արդյոք կբողոքարկվի դատավճիռը՝ փաստաբանի խոսքով՝ կախված է Լապշինից:
«Իմ հետագա գործողությունները կախված կլինեն իմ պաշտպանյալից: Իհարկե, առանց նրա հետ համաձայնեցնելու ոչ մի քայլ չենք ձեռնարկի»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը կարծում է՝ բողոքարկման կարիք կա:
Փաստաբանը նաև հավանական է համարում, որ Լապշինը կարող է պատիժը կրել Ուկրաինայում կամ Ռուսաստանում, քանի որ Ադրբեջանի քաղաքացի չէ:
«Իսրայելի հետ Ադրբեջանն այդպիսի համաձայնագիր չունի: Ռուսաստանի և Ուկրաինայի հետ նման պայմանագիր կա, համապատասխանաբար, արտահանձնումը հնարավոր է»:
Հիշեցնենք, այսօր դատարանի որոշմամբ Լապշինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում:
Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ