Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեցին ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու մասին: Մասնավորապես՝ երեկ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել. «Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ կիսագաղտնիության պայմաններում կազմակերպված ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ ԳՄ համատեղ նիստը այնքան էլ հարթ չի ընթացել: Սուղ պաշտոնական լրատվությամբ՝ այդտեղ Հրանտ Մարգարյանը ներկայացրել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի «ոչ ինքնանպատակ» բնույթը, իսկ նախարարները ներկայացրել են հաշվետվություն:
Սակայն, մեր աղբյուրի վկայությամբ՝ Սփյուռքից եւ հատկապես «Ամերիկայեն» եկած «ընկերները» սուր քննադատել են կոալիցիա մտնելու փաստը որպես այդպիսին, հնչեցրել են մեղադրանքներ՝ կուսակցական գծից շեղվելու եւ իշխանատենչության մասին ու առաջարկել մտածել «հետողորմյայի» մասին»:
Այս առնչությամբ Լոքյանն ասաց. «Նախ, գաղտնի քննարկում չի եղել, այդ քննարկմանը մասնակցել է առնվազն 50 մարդ եւ այդ ուղղությամբ որեւէ բառ նույնիսկ չի եղել: Քննարկվել է կոալիցիայում լինելու գործընթացը, ինչպես է կառավարությունն աշխատում, եւ ուր ենք գնում մենք: Իսկ այն, ինչի մասին խոսում են՝ հնարովի է: ԱՄՆ-ից որեւէ մեկը չի մասնակցել քննարկմանը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ