2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալները դատարան բերվեցին:
Ավելի վաղ դատարանը բավարարել էր պաշտպանների՝ ամբաստանյալների հանդեպ սանկցիան չեղարկելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ նրանք մի քանի ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից՝ դատավորի ներս գալուն պես ոտքի չկանգնելու եւ առանց դատավորի թույլտվության տեղից խոսելու համար:
Նիստերի դահլիճ բերված ամբաստանյալները կրկին ոտքի չկանգնեցին, ինչի հետեւանքով դատավորը նրանց հանդեպ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակեց ամբաստանյալների ինքնության ճշտման գործընթացը: Ըստ ներկայացված տվյալների՝ ամբաստանյալ Արամ Հակոբյանը մինչեւ ՊՊԾ գնդի գրավումն աշխատում էր որպես դպրոցի փոխտնօրեն: Ամբաստանյալ Արայիկ Հակոբյանն էլ տաքսու վարորդ է եղել: Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանն էլ, հայտնի որպես «Դեդ», դիմելով դատավորին՝ պարզաբանեց, թե ինչու ոտքի չի կանգնում. «Չե՜մ խոնարհվում այն բանի առաջ, ինչի համար ապստամբել եմ»:
Ամբաստանյալ Վարդան Գերավետյանն էլ կրկին ոտքի չկանգնելով՝ ասաց դատավորին. «Ձեր աչքի առաջ բռնություն է կատարվել մեր տղաների հանդեպ: Այդ ահաբեկչությունը ժողովրդի հանդեպ է կատարվել»:
Դատավորը կրկին ընդմիջեց նիստը՝ առանց բացատրության:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ