Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել դեպի Գյումրու «Շիրակ» գերեզմանատան մոտակայքում, բախվել են «Օպել» մակնիշի 34 CV 840 համարանիշի և «Մերսեդես» մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։ «Մերսեդես» մակնիշի մեքենայի մեջ եղել է միայն վարորդը, իսկ «Օպել» մակնիշի մեքենայի մեջ եղել են 6 հոգի, ուղևորներից մի կին տեղում մահացել է, երկու տղամարդու ու մանկահասակ երեխաների տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, երեխաներին առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են «Գյումրու մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոց», իսկ երկու տղամարդիկ վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը ծանր է։
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ