«Ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ չի կիրառվել, ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել: Բողոքն անհիմն է, ենթակա է մերժման»,- սա դատախազ Վաղարշակ Մկրտչյանի վերջնական խոսքն է Միքայել Կիրակոսյանի`Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքի մասին:
Հիշեցնենք՝ վերջինս 2015 թվականի հուլիսի 6-ին ոստիկանների կողմից բռնությամբ բերման է ենթարկվել և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Խոսքը «Էլեկտրիկ-Երեւանի» դեպքերի մասին է: Բողոքի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, որը 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կարճվել էր:
Միքայել Կիրակոսյանը դիմել է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան`վիճարկելով վարույթ իրականացնող մարմնի եւ առաջին ատյանի դատարանի որոշումները: Դատարան ներկայացված բողոքով պահանջվել էր պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Միքայել Կիրակոսյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը: Դիմումատուն պնդում է, որ իր նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը իրավաչափ չի եղել եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողություններում առկա են ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները. «Եվ վարույթն իրականացնող մարմնի եւ դատարանի որոշումներով խախտվել է բողոքաբերի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ինչպես նաեւ վերջինս զրկվել է կատարված հանրորեն վտանգավոր արարքով իրեն պատճառված վնասը վերականգնելու հնարավորությունից»:
Ի դեպ, բողոքաբերը`Միքայել Կիրակոսյանն այսօրվա նիստին ներկա չէր:
Դատախազի հիմնավորումներն այսպիսիք են`ոստիկանությունն ապահովել է բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը, միաժամանակ, նրանց տարբեր գործողությունները սահմանափակել են այլոց իրավունքները, ինչի մասին ոստիկանությունը քանիցս զգուշացրել է ակցիայի մասնակիցներին: Մասնավորաբար, աղբամաններով փակելով Բաղրամյան պողոտան, ըստ նրա, ցուցարարները սահմանափակել են այլ քաղաքացիների երթեւեկության իրավունքը:
Դատախազը նաեւ հայտարարեց, որ Միքայել Կիրակոսյանն իր ցուցմունքներում հերքել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության է ենթարկվել: Ըստ դատախազի, նա ասել է, որ իր վնասվածքները կարող էին անզգուշության արդյունք լինել:
Բացի այդ, դատախազը պնդեց, որ Միքայել Կիրակոսյանին առաջարկվել է լքել վայրը, որտեղ բերման է ենթարկված եղել, նա հրաժարվել է:
Միքայել Կիրակոսյանի պաշտպան ՀՔԱ Երեւանի գրասենյակի պատասխանատու Տաթեւիկ Կիրակոսյանն առարկեց`տեղեկացնելով, որ իր պաշտպանյալը հրաժարվել է լքել այդ վայրը, քանի որ առաջարկն իրեն արվել է անհիմն բերման ենթարկելուց եւ տեւական ժամանակ պահելուց հետո, երբ բոլորին է ասվել, որ ազատ են: Իրենք վիճարկում են մինչ այդ պահը նրան անօրինական պահելու փաստը:
Մանրամասները` տեսանյութում
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակվի այսօր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ