Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավային Կովկասի բանալին համենայնդեպս ՌԴ-ի համար Երեւանում է». Անդրանիկ Միհրանյան (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 13:33

Այսօր ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը «Սպուտնիկ Արմենիա» ակումբում խոսեց Արցախյան հակամարտության կարգավորման մասին:

Ըստ Միհրանյանի, պարզ է, որ ՌԴ-ի շահերը հասկանալի են տարածաշրջանում. «Ոմանք կարծում են, որ Հարավային Կովկասի բանալին Թբիլիսիում է, ոմանք կարծում են՝ Բաքվում է, իսկ ես չեմ դադարի կրկնել, որ բոլոր օբյեկտիվ պայմանները հաշվի առնելով՝ այդ բանալին համենայնդեպս ՌԴ-ի համար Երեւանում է: Եթե ինչ-որ ողբերգական կարգավորում լինի եւ Ղարաբաղը կորցնենք, ապա ավտոմատ կերպով ՌԴ-ն կկորցնի ամբողջ Հարավային Կովկասը, որովհետեւ կկորցնի եւ Հայաստանը, եւ Վրաստանը, եւ Ադրբեջանը: Ռուսական ֆակտորն արդեն այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չի լինի, գոնե այն չափով հետաքրքիր չի լինի, ինչ հիմա է»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը երկակի ստանդարտներ է կիրառում՝ Ղրիմի հարցը հաշվի առնելով՝ Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց, որ ՌԴ-ն կցանկանար կարգավորել Ղարաբաղի հարցը, բայց՝ իր շահերից ելնելով. «Ռուսաստանը կուզենար, որպեսզի իր դիրքերը պահպաներ Ադրբեջանում՝ չվնասելով հայ-ռուսական հարաբերությունները, ահա այսպիսի դիվանագիտական առաջադրանքի առաջ է կանգնել Ռուսաստանը: Սա հեշտ չէ իրականացնել, բայց Մոսկվան փորձում է երկու ուղղությամբ էլ շարժվել այնպես, որ կորուստները մեծ չլինեն»: Իսկ Ղրիմի հարցով միշտ քաղաքական գործիչները կարողանում են դետալներ բերել եւ փորձել ապացուցել, թե իրավիճակը այնտեղ այլ էր:

Անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին՝ Միհրանյանն ընդգծեց, որ իսկապես դա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, խախտվում է բալանսը տարածաշրջանում եւ դա պետք է կարգավորել: Լրագրողների դիտարկմանը, որ ռուսական կողմը միշտ հայտարարում է, որ զենք վաճառելով Ադրբեջանին, պահպանում են տարածաշրջանում բալանսը, բայց երբ կոնֆլիկտում ներգրաված է քո ռազմավարական գործընկերը եւ դու բալանս ես ապահովում, ստացվում է, որ դու քո ռազմավարական գործընկերոջը թույլ չես տալիս առավելություն ունենալ հակառակորդի նկատմամբ, այս մասով ռուսական կողմում ունե՞ն բացատրություն՝ Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց. «Ռուսական դիրքորոշումը այնքան էլ այդպես չէ: Նրանք այլ արգումենտ են նշում: Պուտինը, Լավրովը, Ռոգոզինը եւ բոլորն ասում են, որ զենքի համաշխարհային շուկան այնպիսին է, որ եթե մենք չվաճառենք զենք, մյուսները կվաճառեն: Ավելի լավ է մենք, քան ուրիշները, որովհետեւ մենք այսպես իմանում ենք, թե ինչ զենքի են նրանք տիրապետում: Հետո այդպես հնարավոր կլինի որոշ միջոցներ ձեռնարկել մեր ռազմավարական գործընկերոջ շահերից ելնելով: Նրանք ոչ թե վաճառում են՝ բալանսն ապահովելու համար, այլ վաճառում են, որ շահույթ ստանան: Այդպիսի ձեւակերպում ունեցել է Ռոգոզինը, օրինակ, դուք լսած կլինեք»:

Միհրանյանը նշեց, որ եթե նույնիսկ Ֆրանսիան, Ամերիկան զենք չտա Ադրբեջանին, ոչ ոք նրա դեմը չի առնի զենք գնել Թուրքիայից, Պակիստանից:

Ռուսական կողմի դիրքորոշումը նկատի ունենալով՝ լրագրողները հարցրեցին, ստացվում է, ՌԴ-ն երկու աթոռի վրա է նստում, դա ինչքանո՞վ է ճիշտ՝ Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ շատերը նստում են ոչ թե երկու, այլ նույնիսկ 3-4 աթոռի վրա: Եթե դու չես ընկնում, կարող ես փորձել նստել բազմաթիվ աթոռների վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31