Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով տնտեսվարողների գույքի ու դրամական միջոցների վրա դրվող կալանքներին, ասաց, որ վերջին ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի և դրամական միջոցների արգելանքը պարտավորության հստակ չափով կիրառում ապահովելու նպատակով իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ:
«Նշված իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազանցող գույքի և դրամական միջոցների արգելադրման դեպքերը,- ասաց վարչապետը եւ շարունակեց,- մենք ակնկալում ենք ՊԵԿ և ԿԲ, ինչպես նաև շահագրգիռ մարմինների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ իրավական ակտերի ընդունում և նոր մեխանիզմների իրագործումը»:
Վարչապետը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից ճշտեց. «Պարոն Հարությունյան, մենք ո՞ւր ենք հասել այս գործում»: «Պարոն վարչապետ, համաձայն ձեր հանձնարարականի՝ մեր և Կենտրոնական բանկի կողմից արդեն մշակվել է համապատասխան նախագիծ, որը մոտակա օրերին արդեն կստորագրվի և կմտնի կիրառության մեջ: Ժամկետը օգոստոսի 1-ն է ֆիքսած»,- եղավ ՊԵԿ նախագահի պատասխանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ