«Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի բարեկամ Սուրիկ Պետրոսյանինն է, որը նույնպես այս գործով մեղադրյալներից է։ Նա ասել է, որ հուլիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Աշոտ Պետրոսյանի հետ, որն իրեն հորդորել է հավաքագրել շուրջ 200 անձի, պատրաստել «մոլոտովյան կոկտեյլներ», դրանց գործադրմամբ ճեղքել Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գունդը շրջապատած ոստիկանների պատնեշը, մուտք գործել գնդի տարածք և միանալ իրենց:
Սակայն, Սուրիկ Պետրոսյանը իրավապահներին իր ցուցմունքում ասել է, որ ինքը Սևանից Երևան չի գնացել, ցույցերին չի մասնակցել, «մոլոտովյան կոկտեյլներ» չի պատրաստել, ցույցերին մասնակցելու կամ զինյալներին միանալու վերաբերյալ որևէ անձի որևէ պատվեր չի կատարել: Իսկ ինչ վերաբերում է Աշոտ Պետրոսյանի հետ հեռախոսազրույցին, ապա Սուրիկ Պետրոսյանն ասել է, որ Աշոտին սուտ խոստումներ է տվել, քանի որ նա իր ազգականն է և չի ցանկացել մերժել նրան:
Մյուս ցուցմունք տվողը Աշոտ Պետրոսյանի ծանոթն է եղել՝ Սամվել Սարգսյանը։ Նա իրավապահներին ասել է, որ Աշոտի հետ ծանոթացել է հինգ տարի առաջ, գիտի, որ դիզայներ է եղել, կատարել է Հյուսիսային պողոտայի մի քանի բնակարանի դիզայներական աշխատանքները։ Ասել է, որ քիչ է հանդիպել Աշոտին ու վերջին անգամ նրանից զանգ է ստացել հուլիսի 19-ին։ Հեռախոսազրույցի ժամանակ Սամվել Սարգսյանը Աշոտից հետաքրքրվել է, թե արդյոք հաց ունեն ուտելու, ինչին ի պատասխան Աշոտը խնդրել է ինչ-որ եղանակով ծխախոտ ուղարկել:
Աշոտին չմերժելու համար պատասխանել է՝ եթե հնարավոր լինի, կուղարկի: Հուլիսի 21-ին գիշերը գնացել է Խորենացի փողոց ցույցի վայր ու զանգահարել Աշոտ Պետրոսյանին ու ինչպես ինքն է իր ցուցմունքում նշել, հուսադրելու համար հայտնել է, որ ինքը ցույցի տեղն է և նրա կողմն է:
Ասել է նաև, որ եթե կարողանա, անօդաչու սարքի միջոցով, որը կարող է 5 կգ բեռ բարձրացնել, ուտելիք ու ծխախոտ կուղարկի նրանց՝ մտավախություն հայտնելով, որ ոստիկանները կարող են սարքը խփել: Բայց նաև ընդգծել է, որ իրականում ինքը չի ցանկացել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ խնդիրներ ունենալ, անօդաչու սարք չի ունեցել և ոչ էլ գումար է ունեցել այդպիսի սարք գնելու համար, այդ ամենն ընդամենը հայտնել է՝ Աշոտին հուսադրելու համար, քանի որ, ըստ իրեն, նա արդեն հուսահատված էր:
Պավլիկ Մանուկյանի ծանոթներից Սամսոն Գաբրիելյանն է ցուցմունք տվել ու ասել, որ ՊՊԾ-ի գրավման օրերին մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Պավլիկի հետ։ Սամսոն Գաբրիելյանի ցուցմունքով, Մանուկյանն ասել է, թե օգնության կարիք ունեն, որ հավաքված անձինք պետք է ճեղքեն ոստիկանական պատնեշն ու միանան իրենց: Իսկ Գաբրիելյանն էլ Պավլիկին հայտնել է Խորենացիում հավաքվածների թերահավատության մասին։ Պավլիկ Մանուկյանի հետ ունեցած խոսակցությունից հետո Գաբրիելյանն իր ցուցմունքում ասել է, որ շուրջ 2 ժամ մնացել է Խորենացիում և վերադարձել տուն:
Նկատենք, որ այս գործով կա 92 վկա, 41 տուժող, 34 մեղադրյալ։ Վկայություններ, մասնավորապես, տվել են ՊՊԾ-ին հարակից տարածքի բնակիչները։
Նյութի մանրամասները կարդացեք Aysor.am–ի կայքում