Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստը:
Այսօր էլ խնդիրը կրկնվեց. ամբաստանյալների պաշտպաններից՝ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը եւ Նինա Կարապետյանցը պատճառաբանեցին, որ իրենց կարգադրիչները ոչ թե զննում են, այլ խուզարկում եւ դատարան չմտան:
Այս անգամ էլ դատավորի գործողությունները զայրացրին փաստաբաններին: Խնդիրն այն էր, որ պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը մի քանի նիստ է՝ չէր ներկայանում՝ գրություն ուղարկելով, որ մասնակցում է նախապես նշանակված մեկ այլ նիստի: Այս պատճառով դատավորը հրավիրեց նրա պաշտպանյալ՝ ամբաստանյալ Թորոս Թորոսյանին եւ հետաքրքրվեց՝ ի՞նչ է կարծում այս առթիվ: Թորոսյանն ասաց, որ իր պաշտպանից չի հրաժարվում, բայց քանի որ ամբաստանյալը նիստերից հեռացված լինելու սանկցիայի է ենթարկված, դատավորը որոշեց նրա համար հանրային պաշտպան նշանակել:
Ներկա պաշտպանները դժգոհեցին, որ դատավորն ապօրինի գործողություն է կատարում եւ հաշվի չի առնում ամբաստանյալի կամքը: Նրանք պահանջեցին վերանայել իրենց պաշտպանյալների հանդեպ կիրառված սանկցիան:
Այնուհետեւ դատարան բերվեց ամբաստանյալներից Տիգրան Մանուկյանը, որի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, ինչպես նշեցինք, իրեն խուզարկելու պատճառաբանությամբ դահլիճում չէր: Մանուկյանը տեղից խոսելով ասաց, որ չի հրաժարվում պաշտպանից: Դատավորը նկատողություն արեց, սակայն ամբաստանյալը շարունակում էր խոսել. «Դատարանը չի փայլել կարգապահությամբ, որ մեզ կարգապահություն սովորեցնի»:
Դատարան բերված ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը եւս ասաց, որ չի հրաժարվում իր պաշտպան Մոնիկա Մարգարյանից, որն այս պահին արձակուրդում է:
Հավելենք, որ այսօր նիստերի դահլիճում 18 ամբաստանյալներից 2-ն են միայն՝ Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Մյուսները դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար հեռացված են դահլիճից մի քանի ժամով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ