Կա նաեւ երրորդ խումբը, որոնց ձայնն այսօր դուրս չի գալիս։ Այո, դա այն խումբն է, որ ժամանակին ջանք ու եռանդ չէր խնայում հայաստանցիներիս համոզելու, որ ճիշտը ԵԱՏՄ-ն է, ԵԱՏՄ-ի 250 միլիոնանոց շուկան, որ Հայաստանը կամուրջ է դառնում համայն գործարար հայության համար՝ այդ շուկայի հետ հարաբերվելու եւ այլն, եւ այլն։ Խոսեք, պարոնայք։ ԵԱՏՄ նախաձեռնության ղեկավար Պուտինը մեր առջեւ, ինչպես ժամանակին Հազկերտը, հավատափոխության ու լեզվի ուրացության հարց է դրել։ Առաջնորդեք մեզ դեպի նոր Ավարայր՝ ինչո՞ւ եք պապանձվել։
Իհարկե, թքած հայ վարորդների իրավունքի վրա, եթե այն Ռուսաստանում գործելու է ի հաշիվ մեր մայրենիի իրավունքների։ Բայց դա չէ հարցը։ Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչու է մեզ պարտադրվում այս անիմաստ կռիվը, բանավեճը, Էդմոն Մարուքյանի ոչնչով չհիմնավորված առաջարկը, դրա շուրջ մեր անիմաստ թռվռոցը։ Միով բանիվ՝ ինչո՞ւ է մեզ առաջարկվում այս կեղծ օրակարգը՝ պայքարը ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի դեմ։
Եվ, ամենակարեւորը՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեզ պարտադրում։ Քանի դեռ չունենք այս հարցերի պատասխանները, պետք է ընդամենը խելացի լինել եւ չանել քայլեր, որոնք կարող են նպաստել Հայաստանը տարօրինակ խաղերի մեջ ներքաշելու այս ավազակությանը։
Ինչո՞ւ մեր կառավարությունը չի հայտարարում, որ զավեշտ է, երբ ՀՀ քաղաքացին ՀՀ-ում ստացած վարորդական իրավունքով ողջ Եվրոպան, Թուրքիան, Վրաստանը կտրում-անցնում է, սակայն Ռուսաստանում մեքենա վարելու իրավունք չունի։ Ստացվում է, որ Պուտինն ամենախելացի ղեկավարն է, այո՞։
Երբ քո երկրում, ընտրողաբար, սահմանափակում ես որեւէ երկրի քաղաքացու օրինական գործունեությունը, ապա դա կոչվում է նաեւ պատժամիջոց տվյալ երկրի դեմ։ Հայաստանի դեմ պատժամիջոց կիրառելու սպառնալիքներ մեկ էլ Էրդողանն է հնչեցրել՝ հայտարարելով, որ Թուրքիայից կարտաքսի հայ առեւտրականներին։ Պուտինը, փաստորեն, Էրդողան-2-ն է դառնում։ Ո՞վ պետք է այս ամենն ասի Մոսկվային, մինչեւ Armexit-ի գործընթաց սկսելը կամ Ղրղզստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ հարաբերություններ խզելն ու Ռուսաստանի տակ ավելի հարմար տեղավորվելը։ Ասելս այն է, որ պայքարելու փոխարեն փորձում ենք Ռուսաստանին վախեցնել, թե դուրս կգանք ԵԱՏՄ-ից։ Կարելի է կարծել՝ մեր կամքով ենք մտել եւ մեր ուժերով էլ դուրս կգանք։ Պետք չէ ոչ մեկին ծիծաղեցնել։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում