Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ լիցենզավորման խնդիրներին եւ ասաց, որ պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաները 127-ից նվազեցվել են մինչեւ 85-ի:
Ըստ վարչապետի, 2016 թվականի հոկտեմբերին պետական 67 ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաեւ մասնավոր կազմակերպությունների:
«Միաժամանակ, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռեւս պարունակում են խնդիրներ: Մասնավորապես՝ կան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց լիցենզիաների եւ այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձեւական պահանջներ եւ այլն: Ավելին, որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմները կամ մեկ պատուհանի հնարավորությունը: Հաշվի առնելով կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի եւ այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհան սկզբունքն ապահովելու եւ ըստ անհրաժեշտության, դրանց քանակը նվազեցնելու գործողությունների ծրագիր»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նկատեց՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնել գերատեսչական իրավական ակտերով սահմանված կարգավորումներին եւ պետք է մանրակրկիտ ուսումնասիրել ու մեկ ամիս հետո նման դեպքերը բացառել.
«Մենք հիմա չենք հայտարարում, թե որ գերատեսչություններն են, յուրաքանչյուրը երեւի գիտի: Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ