Տեղական «Իջեւան TV» հեռուստաընկերությամբ հեռարձակվել եւ հեռարձակվում է «Կոնսուլ ինտերնացիոնալ գրուպ» կազմակերպության կողմից Իջեւանում մատուցվող ծառայությունների գովազդ:
Այնտեղ նշվում է, որ այդ կազմակերպությունը տարբեր ծառայություններ է մատուցում: Ազդի ամենասկզբում ասվում է՝ «ֆինանսական միջոցների, «շտապ գումարի» աջակցություն, սկսած մեկ աշխատանքային օրվա ընթացքում, միայն անձնագրով եւ սոցիալական քարտով, մինչեւ 2000000 դրամ»:
Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շարքում կա նաեւ հետեւյալը ՝ «ԴԱՀԿ-ի կողմից անշարժ եւ շարժական գույքի կասեցում եւ հետ վերադարձում սեփականատիրոջը»:
Գովազդվող ծառայությունների շարքում կա նաեւ այսպիսին՝ «հանգստյան ուղեգրություն դեպի Բաթումի, Ուռեկի, Քոբուլետի եւ Թբիլիսի, մատչելի գներով»:
Իջեւան քաղաքի բնակիչները մեզ հայտնել են, որ այցելել են հայտարարության մեջ նշված Վալանսի 11 հասցե, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, սակայն այնտեղ այդ կազմակերպության գրասենյակ չեն տեսել: Իջեւանցիները զանգահարել են հայտարարությունում նշված բջջային երկու հեռախոսահամարներով, սակայն պատասխանող չի եղել:
Մենք մի քանի անգամ զանգահարեցինք այդ հեռախոսահամարներով: Մի դեպքում բաժանորդի հեռախոսահամարն անջատված էր կամ նա գտնվում էր ռադիոծածկույթից դուրս, երկրորդ հեռախոսահամարի տերն էլ անջատեց կապը: Դա կրկնվեց մի քանի անգամ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ