Լրահոս
Օրվա լրահոսը

Կացնահարված Թագուհի Մանսուրյանը մեղադրվում է իրեն կացնահարողի ձեռքը քերծելու համար (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 11:30

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կնոջն ու զոքանչին կացնահարածի գործով հերթական դատական նիստն էր: Անցյալ տարի հուլիսի 8-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքի աստիճանների վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, եւ աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայր ու դուստր մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Թագուհին եւ հայրը հիմա ապաքինվել են եւ ներկայանում են դատական նիստերին, որոնք միշտ չէ, որ հարթ են ընթանում:

Երեկ պետք է գործով վկա Մարիամ Չարչյանի հարցաքննությունը լիներ, Չարչյանը Վլադիկ Մարտիրոսյանին, ըստ գործի նյութի, ծանոթ է, ինչ-որ շփումներ է ունեցել: Սակայն վկան չէր ներկայացել դատարան, նա նախորդ դատական նիստին էլ չէր ներկայացել, նրան դատարան բերման ենթարկելու որոշում կար: Ոստիկանությունից տեղեկացրին՝ Չարչյանը ոստիկաններին հայտնել է, որ վատառողջ է եւ չի կարող ներկայանալ նաեւ այս դատական նիստին: Դատարանը ստիպված անցավ ապացույցների հետազոտման փուլին, իսկ վկային կլսի, երբ նա ներկայանա դատարան:

Երեկ հետազոտվեց ապացույցների 2 հատորը, դեռ մեկ հատոր էլ կա, որը հաջորդ նիստին կհետազոտվի: Երբ ապացույցներն էին հետազոտվում, եւ դատավորն ընթերցում էր դրանք, ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ ոստիկանություն բերման ժամանակ իրեն վատ է զգացել, սակայն իրավապահ մարմինները դա չեն արձանագրել:

Մեզ հետ զրույցում Թագուհի Մանսուրյանի պաշտպան Զարուհի Հայրապետյանն ասաց, որ ամբաստանյալի այս հայտարարությունը մերկապարանոց է, քանի որ նախորդ նիստերում ոստիկանները ներկա էին, եւ Մարտիրոսյանը հնարավորություն ունեցել է այդ մասին հարց ուղղելու ոստիկաններին, սակայն չի արել: Այսպիսի հայտարարություն նաեւ դատավորն արեց:

Վլադիկ Մարտիրոսյանը դատարանին ներկայացրեց որոշ փաստաթղթեր իր հաշմանդամության վերաբերյալ: Սակայն դատարանում Մանսուրյանի պաշտպանը պարզեց, որ Մարտիրոսյանի հաշմանդամությունը վերաբերում է նախորդ տարվան: «Այս պահին Վլադիկ Մարտիրոսյանը հաշմանդամության կարգ չունի: Նրան կարգ էին տվել մինչեւ 2016-ի նոյեմբերը: Իմ կարծիքով՝ այս փաստերը Մարտիրոսյանը ներկայացնում է, որպեսզի բնութագրիչ հանգամանքներում ներառվի եւ հետագայում դիտարկվի մեղմացուցիչ հանգամանք»,- ասաց Զարուհի Հայրապետյանը:

Ամբաստանյալ Մարտիրոսյանը որպեսզի ապացուցի, որ ինքն առողջական խնդիրներ ունի, դատարանում նաեւ ներկայացրեց, որ վերջերս իրեն կրկին վատ է զգացել, եւ իրեն տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, ինչի վերաբերյալ կրկին փաստաթուղթ ներկայացրեց, ապա շարունակվեց ապացույցների քննությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 3-ին, ժամը 16.00-ին:
Մի ուշագրավ հանգամանք կա այս գործում. Վլադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ ոչ միայն ինքն է բռնություն կիրառել, այլեւ իր նկատմամբ էլ Թագուհի Մանսուրյանն ու զոքանչն էլ են բռնություն գործադրել:

Մարտիրոսյանի բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել. արդեն դատական մեկ նիստ է եղել:

Այս գործով հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը, որ Թագուհի Մանսուրյանի շահերն է ներկայացնում դատարանում, մեզ հետ զրույցում պատմեց, որ ամեն անգամ, երբ Վլադիկ Մարտիրոսյանը դարանակալել է Թագուհի Մանսուրյանի բնակարանի մոտ, մշտապես վեճ ու կռիվ է եղել, եւ ամեն անգամ Մանսուրյանը ոստիկանությունում բողոք է գրել, ապա նրանից հետո Վլադիկ Մարտիրոսյանն է բողոքել ոստիկանությունում, եւ այդ ընթացքում, մինչ կացնահարելը, Թագուհու բողոքներին իրավապահ մարմինները ընթացք չեն տվել, իսկ Վլադիկ Մարտիրոսյանի բողոքով գործ հարուցել են:

«Թագուհի Մանսուրյանը մեղադրվում է՝ իբր ճանկռել է, քերծել է Վլադիկ Մարտիրոսյանը ձեռքը, պարանոցը: Բայց եթե Մանսուրյանը պաշտպանվել է Վլադիկ Մարտիրոսյանի հարձակումների ժամանակ, հնարավոր է՝ քերծած էլ լինի: Բայց Թագուհին պնդում է, որ նման բան չէր կարող անել, նա այդ միջադեպերի ժամանակ աշխատանքից էր տուն գնացել, երկու ձեռքերում պայուսակներ, ու չէր կարող հարվածել: Թագուհին ասում է՝ ես ամեն անգամ չգիտեի, թե որտեղից կհայտնվի Վլադիկը՝ մեկ թիկունքից էր հայտնվում, մեկ՝ ուրիշ կողմից, ես պատրաստ չէի լինում հարձակումներին:

Բացի այս, Թագուհին մատնահարդար է, նրա եղունգները հատուկ նյութերով են մշակված, պատրաստված, դրանք հետք ու քերծվածք չեն առաջացնում: Ես քննիչին միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի փորձաքննություն իրականացվի, մերժել են, դատախազին էլ եմ բողոք ներկայացրել, բայց փորձաքննություն այդպես էլ չեն ներկայացրել: Ընդ որում, մի բողոքով մեղադրանք կա՝ իբր բռնության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանի պարանոցին վնասվածք կա: Այս գործով փորձագիտական եզրակացությամբ չկա նման բան»,- ասաց տիկին Հոբոսյանը:

Հնարավոր է՝ ամուսինների միջեւ անհաշտությունը կացնահարության ու մարդասպանության չհասներ, եթե իրավապահ մարմիններն ավելի զգոն եւ արդար վարվեին: Մինչ կացնահարելը Թագուհի Մանսուրյանին խոշտանգելու մեղադրանքով Վլադիկ Մարտիրոսյանը մեկ անգամ հայտնվել էր ամբաստանյալի աթոռին: Սակայն դատավոր Նելլի Բաղդասարյանի վճռով Մարտիրոսյանի նկատմամբ պատիժ կիրառվեց՝ դատապարտվեց 6 ամիս պայմանական ժամկետի կիրառման: Եվ փաստորեն, Մարտիրոսյանը պատժի ժամկետը չլրացած՝ կացնահարեց Մանսուրյանների ընտանիքին:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում Թագուհի Մանսուրյանն է՝ հիվանդանոցում, կացնահարվելուց օրեր անց:

 

«Առավոտ»

20.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31