Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւը կանաչ քաղաք է, մարդիկ բարեհամբույր են ու սրտաբաց: Մոլդովացիները հպարտանում են, որ իրենց քաղաքում է գտնվում տարածաշրջանի ամենամեծ կրկեսը, որի որոշ դահլիճներ վերջերս են վերանորոգվել: Քաղաքը նաեւ Աբսուրդի թատրոն ունի, որը նույնպես նրանց հպարտության առարկան է:
Իմիջիայլոց, այստեղի տաքսու վարորդները իրենց տեղեկացվածությամբ ու հետաքրքրասիրությամբ չեն զիջում հայաստանցի գործընկերներին: Ուղեւորների հետ խոսելու թեման սկսվում է կոռուպցիոն գործունեություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալված Քիշնևի քաղաքապետ Դորին Կիրտոակեի ձերբակալությամբ, ավարտվում Բոտանիկ թաղամասում գտնվող Լենինի արձանով:
Այստեղ, ինչպես Հայաստանում, այլեւս տրամվայներ չեն աշխատում, քաղաքային տրանսպորտը նախընտրող մարդիկ երթեւեկում են ավտոբուսներով, տրոլեյբուսներով եւ երթուղային տաքսիներով: Մոլդավացիներն ասում են, որ երթուղայինների մեջ ուղեւորներն իրենց «պահածոյացված» են զգում:
Քիշնեւում չկա նաեւ մետրո: Քիշնեւում եւս հին շենքերը չեն պահպանվել, ամբողջովին նորակառույցներ են եւ աստղեր ունեցող հյուրանոցներ: Քիշնեւում մի փողոց կրում է «1989թ օգոստոսի 31 անունը», այդ օրն ընդունվել է նրանց Լեզվի մասին օրենքը:
Մոլդովայում հայկական համայնք կա, գործում է 4 հայկական եկեղեցի: Ի դեպ, դեռեւս 1401 թ. Սուչավայում հիմնվել է հայկական եպիսկոպոսություն: Ներկայումս Մոլդովայում բնակվում է մոտ 8 հազար հայ: Նրանք ակտիվ մասնակցություն ունեն երկրի տնտեսական ու մշակութային կյանքին:
Քիշնեւում գործում է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, կիրակնօրյա դպրոցը, հայ մշակույթի «Անի» կենտրոնը:
Քիշնեւից ոչ հեռու գտնվող Կրիկովա քաղաքի տակ մի ամբողջ գինու թագավորություն է գործում: Նախկին քարհանքի տեղում գինու կոմբինատի հսկայական քաղաք-մառանն է: Ընդ որում քաղաքի ամեն փողոց որեւէ գինու անուն է կրում: Կրիկովայում եղել են շատ անվանի մարդիկ՝ երկրի նախագահներ, շոու-բիզնեսի, կինոյի աստղեր, անգամ տիեզերագնաց Յուրի Գագարինը: Ի թիվս այլոց, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախկին եւ ներկա նախագահների նկարների կողքին փակցված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի նկարն էլ է փակցված Կրիկովայի թանգարանի պատերից մեկին: Տեղեկացանք, որ Ռուսիո պատրիարքը այստեղից է պատվիրում Զատկական գինիները:
Մոլդովական գինուն տեղացիները վերաբերվում են որպես ազգային արժեքի:
Քիշնեւի կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Արմյանսկայա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մոլոդովա