Ծաղկաձորի մարզաբազայում ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները շարունակվում են:
Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ ներգրավվել են նաեւ հանրապետության տասը մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքները, որոնք հանդես են գալիս միայն եզրափակիչ փուլում: Մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Որպես քաղաքացի ես չէի ցանկանա, որ Հայաստանում եւ Արցախում այս կարգավիճակի ընտանիքներ լինեն: Բայց սա է իրականությունը եւ դրա դեմ ոչինչ անել չես կարող: Այդ անձինք եւ նրանց ընտանիքի անդամները մեր հասարակության լիարժեք անդամներն են: Նրանք ապրում են մեր կողքին, մեզ հետ միասին ու պետք է ներգրավված լինեն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սպորտի եւ առողջ ապրելակերպի: Այստեղ բոլորս մի ընտանիք ենք»:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից ընտանիքները մրցում են չորս տարիքային խմբերում (դրանք սահմանված են երեխաների տարիքը հաշվի առնելով), իսկ հաշմանդամություն ունեցող ընտանիքները՝ մեկ տարիքային խմբում:
Արդեն հայտնի են վեց մրցաձեւերից երեքի հաղթողներն ու մրցանակակիրները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ