Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ես կառուցելու քանդելուց հետո

Հուլիս 20,2017 10:13

Եթե որեւէ բան քանդում ես, պետք է իմանաս, թե ինչ ես տեղը դնելու: Դա վերաբերում է թե՛ մեծ եւ թե՛ փոքր գործերին: Խորհրդային համակարգը անարդյունավետ էր, կեղծ էր, հայտնվել էր խոր փոսի, փակուղու մեջ: Բայց երբ որոշում ընդունվեց այն «վերակառուցել», պատկերացում չկար, թե ինչ է տեղը հայտնվելու: Խորհրդային վերնախավում «վերակառուցելու» գաղափարը հասունացել էր դեռեւս Անդրոպովի ժամանակ: Բայց ստալինյան այն կառույցը, որն Անդրոպովը երկար ժամանակ ղեկավարում էր, ունի իր «խաղի կանոնները», իր կաղապարները, որոնք թույլ չէին տալիս, որ ծնվեն իսկապես թարմ գաղափարներ, ձեւավորվեն իսկապես նոր մոտեցումներ: Եվ այն պահին, երբ Անդրոպովի մահից հետո նրա «պրոտեժեն» 1985 թվականին փորձեց այդ «վերակառուցումը» սկսել, նման ծրագրեր դարձյալ գոյություն չունեին: Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ Գորբաչովն ամերիկյան լրտես էր (ժողովրդական ֆոլկլորը թողնենք ֆեյսբուքին), այլ այն, որ նա հստակ պատկերացում չուներ, թե ինչ է «վերակառուցման» արդյունքում ծնվելու: Արդյունքում՝ ստացանք ավերակներ, որոնց վրա Պուտինը փորձում է ինչ-որ նոր բան սարքել, բայց քանի որ նա էլ է նույն ստալինյան հիմնարկի ներկայացուցիչը, նա նույնպես հարցին մոտենում է ճիշտ նույն կաղապարներով:

Ինչ պետք է արվեր 1985 թվականին՝ ես չգիտեմ: Կարող եմ ասել՝ ինչ պետք չէր անել. պետք չէր շտապել՝ ունենալ երկրի հետագա զարգացման մանրակրկիտ ծրագիր, նոր միայն զգուշորեն եւ աստիճանաբար փոխել այն, ինչ պետք էր առաջին հերթին փոխել, հետո՝ երկրորդ հերթին, հետո՝ երրորդ եւ այլն: Հասկանում եմ, որ իմ այս պահպանողական մոտեցումը շատերին գուցե դուր չգա, բայց ցանկացած կտրուկ քայլ ցավ է պատճառում մարդկանց: Կարծում եմ՝ դա ակնհայտ է:

Նույնը՝ շատ ավելի մանր գործերում: «Ֆիրդուսի» շուկան, իհարկե, ճարտարապետական կոթող չէր, ոչ էլ մշակութային արժեք: Դա տգեղ, նեղ, փնթի «միջանցք» էր, որը գոյության իրավունք չունի մայրաքաղաքում, առավել եւս՝ դրա կենտրոնում: Առեւտրականները նախօրոք զգուշացված էին, որ «Ֆիրդուսնոցը» կապամոնտաժվի, ինչն անխուսափելի էր: Բայց նրանց առաջարկվեց գնալ այլ տոնավաճառներ, որտեղ տեղի վարձը ավելի բարձր է, քան «Ֆիրդուսնոցում»: Ինձ թվում է՝ ապամոնտաժման քայլը կատարելուց առաջ պետք էր ստեղծել «սոցիալական ամորտիզատորներ», օրինակ՝ փոխհատուցել առեւտրականներին մեկ-երկու ամսվա եկամուտը (որը, կարծում եմ, չնչին է), որպեսզի մարդիկ կարողանան հարմարվել նոր պայմաններին:

Բայց ամենակարեւորը՝ քանդելուց առաջ պետք էր որոշել, թե ինչ է տեղը լինելու, գտնել համապատասխան ներդրողին, կառուցապատողին եւ տեղեկացնել այդ ամենի մասին երեւանցիներին: Հակառակ դեպքում «Ֆիրդուսնոցի» ավերակները կմնան շաբաթներով, գուցե ամիսներրով: Ճիշտ այնպես, ինչպես առ այսօր մնում են Խորհրդային Միության ավերակները: Առաջին հերթին՝ մեր ուղեղներում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ինչ-որ շուկա համեմատել իմ Հայրենիքի հետ, որտեղ ես անց եմ կացրել իմ ամենաերջանիկ տարիները, որտեղ չկար ոչ պատերազմ, ոչ այսչափ նողկալի վարքուբարք․․․․որ բարոյական իրավունքով է արվում այս համեմատությունը, ով է ասել, որ ներելի է վիրավորել միլիոնավոր այն մարդկանց, ովքեր մինչև հիմա սգում են իրենց սովետական տան կործանումը։ Կեղծ էր ու դրա համար էր տվել այն բազմաթիվ գիտնականներին ու մարշալներին, այն լավ հասարակ մարդկանց, ովքեր ամեն օր իրենց բարեխիղճ աշխատանքով են ապացուցել, որ սիրում են իրենց երկիրը։ Ուրեմն բոլոր այդ մարդիկն էին կեղծ։ Որովհետեև կեղծ երկրում դու կեղծ մարշալ ես և կեղծ գիտնական։ Բա էլ ինչէք երկինք հանում Առնո Բաբաջանյանին, Բաղրամյանին, Համբարձումյանին, ում են պետք այդ կեղծ երկրի կեղծ հերոսները։

  2. Araqel says:

    Ես էլ եմ նույն երկրից, ու սովետը համարում էի ու համարում եմ ամենանողկալի պետություններից մեկը, որը երբևէ եղել է մարդկության անցած ճանապարհին:

    Իսկ հերոսների մասով: Ինչքան նողկալի ու ստոր է պետությունը, այնքան ավելի շատ են ծնվում հերոսները:

    Կարելի է նայել նաև լատինական ամերիկան: Թե ինչ հզոր գորղների և նկարիչների համաստեղություն է ծնվել սարսափելի դիկտարտորական ու մարդակործանիչ պետական կառույցների կազմում

  3. Ruben says:

    Ի՞նչ պետք է աներ Հայաստանի “Գորբաչովը”՝ Լեւոն Տեր Պետրոսյանը 1990 թվականին:
    «Կարող եմ ասել՝ ինչ պետք չէր անել. պետք չէր շտապել՝ ունենալ երկրի հետագա զարգացման մանրակրկիտ ծրագիր, նոր միայն զգուշորեն եւ աստիճանաբար փոխել այն, ինչ պետք էր առաջին հերթին փոխել, հետո՝ երկրորդ հերթին, հետո՝ երրորդ եւ այլն:»

    • Հ.Շ. says:

      ԼՏՊ-ն շատ սխալներ գործեց, հիմնական սխալներ,
      սակայն արդար չէ այս մէկն ալ իր վզին փաթթել

      ինք անոնցմէ էր որ շատ հաւանաբար պիտի նախընտրէր հանդարտ, տրամաբանական եւ հանգրուանային գործընթացը, դէպի անկախութիւն

      ժողովրդային ճնշումը, յուզումն ու իրարանցունը, տարբեր տեղ տարին ամէն բան

      ի դէպ, որպէս վկայութիւն ձեզ վստահեցնեմ որ, հակառակ հաւանաբար կարծուածին, Սփիւռքի շատ մը ղեվակարներ պիտի նախընտրէին աւելի դանդաղօրէն առաջանալ Հայաստանի անկախութեան ճանապարհին վրայ… ներառեալ եւ նոյնիսկ անոնք որոնք 70 տարիներ բուռն, երբեմն նոյնիսկ չափազանցեալ կերպով պայքարած էին խորհրդային Հայաստանի դէմ

      • Ruben says:

        ԷՇԸ ԵՎ ԱՐՈՐ ԹՌՉՈԻՆԸ
        «…ով ձգտում է ստանալ այն, ինչ չի տրված իրեն, չարաչար կերպով կկորչի ինչպես ավանակը»:
        Վարդան Այգեկցի (XII-XIII ԴԴ.)
        «Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել»։

  4. Հ.Շ. says:

    Անշուշտ թէ Հայաստանի անկախացման գործընթացը պէտք է որ տեղի ունենար դանդաղօրէն, հանգրուանաբար, աստիճանաբար: Այժմու խնդիրներու հիմնական պատճառը այն է որ Խորհրդային Միութեան փլուզումը տեղի ունեցաւ շատ, շատ արագ, անկազմակերպ, զգացական, քաոսային կերպով: Այդ չէր, Կորպաչեվին միտումը – այս մասին դաւադրական տեսութիւններու շատ չեմ հաւատար – : Ատոր հիմնական պատճառը ոչ ել Ռէկընն չէր: Նորէն՝ բանականութենէ զուրկ, երեխայի պէս անհամբեր, «զուտ» գաղափարաբանութեամբ հարբած մարդիկն էին: Չեմ խօսում այդ օրերի բոլոր ղեվակարների մասին, անոնցմէ շատեր անձնապէս համաձայն չէին կատարուածին, սակայն ստիպուեցան հոսանքին յարմարիլ:

  5. henri says:

    Ես ուղղակի շշմած եմ որ տակաւին կան մարդիկ որ սովետական իրենց տուֆակերտ տունին և պտղատու ծառերով ճոխացած — տաչաներու — երազներով ,մարշալներով և պատերազմի հերոսներու յիշատակներով կ՛ապրին… Անոնք թուրքերու նման կոտորեցին մեր ազգին լաւագոյն զաւակները,Գնդակահարեցին հազարաւոր հերոսներ,մտաւորականներ,հանճարներ ,կէս միլիոն հայ զինուորներ հասարակ փոսերու մէջ նետուեցան և գերեզման մը չունեցան սովետ կայսրութեան անծայրածիր տարածքին վրայ, Էրզրումն ու Կարսը նուէր տուին ցեղասպան թուրքին ,մեր 1500 ամեայ մայրենի լեզուն փճացուցին , իրենց վատ բարքերը թունաւոր մանրէի նման մտցուցին մեր մէջ,
    երկաթէ պարիսպներով բաժնեցին և թշնամացուցին մեզ արտերկրի մեր եղբայրներէն , Մենք կը հպարտանանք մեր ազգի հանճարներով / խաչատուրեան եղեր է թէ Բաբաջանեան,Համբարձումեան թէ Ալիխանեան,Մերկելեան թէ Կոմիտաս, Նարեկացի կամ Մխիթար սեբաստացի,Վազգէն Ա թէ Խրիմեան Հայրիկ ,անոնք Հայ մայրերու ծոցէն աշխարհ եկած են ոչ թէ Կոմունիզմի ; Ի սէր Աստուծոյ մոռցէք ռուսերը և անոնց բերած աղէտները-եկէք ՆՈՐ ԿԵԱՆՔ մը սկսինք մեր ուժերով-մենք ունինք անոր կարելիութիւնը -անոնք մարդկութիւնը բնաջնջելու զինամթերք միայն լաւ կ՛արտադրեն-մենք անոնց կարիքը չունինք տիկ Մարինա;

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31