Ֆինանսների նախարարը համոզում է՝ բարձի տակի
«չաշխատող» փողերը տոկոսով տվեք պետությանը
Պետությանը փող է հարկավոր, ֆինանսների նախարարությունը մարդկանց կոչ է անում՝ բարձի տակ պահած փողերը ձեզ օգուտ չեն տա, հանեք բարձի տակից: Ասենք՝ հանեցիք, իսկ ի՞նչ անեք: Ֆինանսների նախարարությունն ասում է՝ տվեք մեզ, իսկ մենք դրա դիմաց ձեզ տոկոս կտանք:
Բարձի տակի փողերը տնօրինելու շատ տարբերակներ կան, բայց դրանց դիմաց տոկոս ստանալու տարբերակները մի քանիսն են. ձեռք բերել պետական խնայողական պարտատոմսեր, ավանդ դնել առեւտրային բանկերում կամ էլ նոտարի հաստատմամբ, այսպես ասած, տոկոսով փող տալ ինչ-որ մեկին: Այս տարբերակն, իհարկե, ռիսկային է, հետո հնարավոր է գումարիդ տերը չլինես:
Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆինանսների նախարարն ու նույն գերատեսչության այլ պաշտոնյաներ համոզում էին՝ բարձի տակ պահած «աշխատող» փողերը մարդիկ եթե ներդնեն պետական պարտատոմսերի մեջ, համ պետությանը լավություն կանեն, համ էլ եկամուտ կստանան՝ տոկոսի տեսքով:
Սակայն հայաստանցիները լավ հիշում են խորհրդային տարիներին Խնայբանկում պահված ավանդների պատմությունը: Մարդիկ մեծ գումարներ կորցրին, շատերը մինչեւ հիմա չեն կարողանում հետ ստանալ այդ ավանդները, ովքեր էլ ստանում են նախկինում իրենց ներդրածի դիմաց, կարելի է ասել՝ կոպեկներ են:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասում է՝ վատ հիշողություններ կան, հիմա պետության հանդեպ վստահությունը վերականգնելու խնդիր էլ կա, բայց որեւէ առեւտրային բանկ, որտեղ, իհարկե, քաղաքացին կարող է նախապատվություն տալ ու ավանդ ներդնել, պետության վարկանիշը չունի:
Առեւտրային բանկերում ավանդների եւ պետական պարտատոմսերի տոկոսադրույքների տարբերությունը շատ չէ: Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն ասում է. «Նպատակ չունենք մրցակցել բանկային համակարգի հետ: Ովքեր ավելի շատ վստահում են պետությանը, թող բերեն այստեղ՝ պետական պարտատոմսերի մեջ ներդնեն»:
Ապա պարոն Արամյանը շարունակում է համոզել եւ մեկ առ մեկ թվարկել պետական պարտատոմսերի առավելությունները. առեւտրային բանկերում ավանդ ներդնելիս տոկոսը հարկվում է, իսկ պետական պարտատոմսինը՝ ոչ, պետական խնայողական պարտատոմսեր ձեռք բերելիս գործառնական ծախսեր չկան, անգամ էլեկտրոնային տարբերակով կարող եք դրանք գնել, միջնորդավճար չկա, հետգնման հնարավորություն կա:
Պետական խնայողական պարտատոմսերի տոկոսադրույքներ է ներկայացնում Արշալույս Մարգարյանը. «Մինչեւ 6 ամսվա դեպքում՝ 10%, 1 տարվա դեպքում՝ 10.5%, 1-5 տարվա դեպքում՝ 11% կամ 11.5%»: Այստեղ պարոն Մարգարյանին օգնության է հասնում նախարար Արամյանը եւ նշում. «Եթե առեւտրային բանկում դեպոիզիտի, ասենք՝ 13% ավանդի դեպքում տոկոսադրույքը հարկվում է, 1.3% կետով իջնում է տոկոսադրույքը: Իսկ մերը չի հարկվում»:
Իսկ երաշխի՞քը, որ «Խնայբանկի» օրը չեն ընկնի, առեւտրային բանկերն այդ առումով պարտավորություններ ունեն: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Արամյանն ասում է. «Երաշխիքը պետության ռեյտինգն է, եւ նույն հաջողությամբ հնարավոր է 3 առեւտրային բանկեր պայթեն, ու երաշխիքային հիմնադրամը չկարողանա վճարել»: Իհարկե, հետո Արամյանը հանգստացնում է, ասելով՝ Հայաստանում բանկային համակարգը կայուն է:
Թվում է, թե լավ պայմաններ են. իսկ որքա՞ն գումար է պետությունը պետական խնայողական պարտատոմսերով հավաքել՝ մեր այս հարցին տրված պատասխանից կարելի է ենթադրել՝ պետությանը քաղաքացիները չեն վստահում: 1999 թվականից մինչ օրս ընդամենը 2.5 միլիարդ դրամ է հավաքվել պետական այդ պարտատոմսերի միջոցով. այս գումարներն ուղղվում են բյուջեի դեֆիցիտի սպասարկմանը: Իսկ գումարների այսքան քիչ հավաքագրումը նախարարը հիմնավորում է՝ մեր հանրության շրջանում դեռեւս չկա այդ մշակույթը՝ գումար ներդնել պետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի մեջ:
Եթե հանրության շրջանում չկա մշակույթ գումարները ներդնել պետական պարտատոմսերի մեջ, իսկ պետական պաշտոնյաները որքանո՞վ են շահագրգռված, իրենց ներկայացմամբ, այս շահավետ գործարքին գնալու: Օրինակ՝ ֆինանսների նախարարությունից քանի՞ պաշտոնյա է նման գործարք կատարել. մեր այս հարցին ի պատասխան՝ նախարարությունից վստահեցրին, որ, ասենք, լրատվական ծառայության աշխատակիցներից ոմանք ոչ մեծ գումարի ներդրում կատարել են: Իսկ ահա գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ու պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը մեր հարցին ի պատասխան՝ ասացին. «Անձնական գաղտնիք է, չենք կարող ասել»:
Իսկ նախարար Վարդան Արամյանը հենց դասընթացի օրը, երբ ներկայացվում էր, թե ինչպես է հնարավոր օնլայն համակարգով պետական խնայողական պարտատոմսեր ձեռք բերել, իր անձնական հաշվի միջոցով 50 հազար դրամի պարտատոմս գնեց: Բացի այս, Վարդան Արամյանը նաեւ իր հոր խնայողություններն է ներդրել պետական պարտատոմսերի մեջ:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
19.07.2017