Երազն ավարտեց…խեղդամահ անելով
Երկու տարի առաջ Արմավիրի մարզում՝ խաղողի այգում, ծառի տակ հայտնաբերվեց Էդուարդ Մ.-ի դիակը: Հորթերին արածեցնել տանելուց հետո, ընտանիքի պապը տուն չէր վերադարձել, նրան փնտրում էր ողջ գյուղը, բազմանդամ ընտանիքը: Թվում էր՝ մարդը հանգիստ, թիկն տված քնած է, գլխարկը գլխին: Բաճկոնի գրպանում եղել է «Չիբուխ» ծխախոտ, լուցկի, իսկ ձեռնափայտը երկու տեղից կոտրված էր:
Իսկ պարանոցին ակնհայտ էր հետքը: Սպանության: «Հնչեղ» գործերի ամենօրյա լուսաբանումների կողքին մոռացվել է մարդը, մարդկայինը, դատարկ դատարաններում զուգահեռ իրականության այլ վարագույր բացվեց: Վարագույրից այն կողմում զուգահեռ իրականության ողբերգական պատմություններից մեկն էր: «Մտավոր թերնորմալություն» ունեցող մեկը կարողացավ մարդու կյանք խլել:
Հովսեփ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ծանր հանցագործության համար եւ նրան Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 11 տարի ժամկետով ազատազրկման: Ամբաստանյալի նկատմամբ դատարանը սահմանել է նյարդահոգեբույժի հսկողություն: Նա կալանավորված է 2015 թվականի ապրիլի 30-ից։ Վերաքննիչ քրեական դատարանում երկու դատական նիստ է տեղի ունեցել: Բողոք բերած մեղադրանքի կողմը պահանջում է բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, եւ ամբաստանյալին դատապարտել 15 տարի ժամկետով ազատազրկման:
Ըստ դատարանում առկա քրեական գործի նյութերի, մարզի բնակիչ Հովսեփ Սարգսյանը, երազում իբր տեսնելով, որ հարեւան Էդվարդ Մ.-ի վեցամյա թոռնուհին քարով հարվածել է իր շանը, երեխային «դաստիարակելու» նպատակով, ձեռքից քաշելով, իրենց գյուղի մանկապարտեզի խաղահրապարակից առեւանգել է, տարել մանկապարտեզին մոտ գտնվող հիվանդանոցի նկուղ եւ մոտ 10 րոպե պահել է նրան այդ նկուղում։ Երեխայի տատը` Վարսիկ Կ.-ն եւ մանկապարտեզի աշխատակիցը, երբ նկատել են, որ երեխան չկա, սկսել են փնտրել նրան:
Նրանք խաղահրապարակում երեխաներից տեղեկացել են, որ անծանոթ մի տղամարդ երեխային տարել է մանկապարտեզի հարեւանությամբ գտնվող հիվանդանոցի նկուղը: Երբ հասել են հիվանդանոցի նկուղ, մուտքի մոտ տեսել են, որ Հովսեփ Սարգսյանը երեխայի ձեռքից բռնած կանգնած է նկուղում։ Երեխան սարսափած էր: Նրան նկուղից դուրս են հանել, տատն անպատվել է Հովսեփին, անգամ մեջքին հարվածել, իսկ նա անխոս հեռացել է։ Երեխան ասել է, որ Հովսեփն իրեն մի քանի անգամ ապտակել է՝ «նրա շանը քարով հարվածելու համար»։ Տատը դեպքի մասին ընտանիքի անդամներին, որեւէ մեկին այդ ժամանակ չի պատմել՝ ավելորդ լարվածությունից խուսափելու նպատակով: Սակայն դրանից հետո էլ Հովսեփը շարունակել է հետեւել մանկահասակ թոռնուհուն:
Սարգսյանի եւ Էդվարդ Մ.-ի ընտանիքների միջեւ լարվածությունը գնալով մեծացել է, իր աղջնակի համար անհանգստացած պապը մի քանի անգամ հորդորել է Հովսեփին հեռու մնալ երեխայից, իր ընտանիքից. ապարդյուն: Պապը դիմել է ոստիկանության Մեծամորի բաժին: Ոստիկանության բաժնում այդ ժամանակ երեխայի առեւանգման մասին չէր նշել, քանի որ տեղյակ չէր, կինն այդ ժամանակ նրան որեւէ բան չէր հայտնել:
Ցավոք, այս գործն այլ զարգացումներ ունեցավ:
Հոգեբուժարանում յոթ օր մնալուց հետո վրեժը չլքեց Հովսեփին: Նա վրեժի շարժառիթով երեխայի պապին նրանց խաղողի այգում իր մոտ եղած ռետինե խողովակով փորձում է սպանել, այն պարանոցին պահելով:
Այդ անգամ, բարեբախտաբար, խաղողի այգում գտնվող համագյուղացիներից մեկը՝ Վաղարշակ Դ.-ն, լսելով վիճաբանության ձայները, վազում է այդ ուղղությամբ, թույլ չի տալիս, որ Հ. Սարգսյանն իր մտադրությունն իրականացնի:
Երեխայի հարազատները, եղբայրները գնացել են Հովսեփենց տուն, հաշտության առաջարկ արել, ինչը Հ. Սարգսյանն առերեւույթ ընդունել է:
Իբրեւ հաշտվելու առիթով, ընտանիքի պապին հյուրասիրելու պատրվակով, նախապես ուտելիք եւ օղի գնելով՝ Հովսեփը պայմանավորվել է Էդվարդ Մ.-ին հանդիպել դաշտում։ Նա առավոտ կանուխ հորթերն արածեցնելու տանելով, գնացել է իր այգու տարածք։ Խմել են: Ապա՝ սպանել է նրան, խեղդելով:
Հովսեփ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ժխտել է, թե երեխային առեւանգել է, ցուցմունք էր տվել, թե մանկապարտեզի խաղահրապարակի մոտ երեխային տեսնելով՝ նրան քաղցրավենիք է հյուրասիրել: Հայտնել էր, թե ընտանիքներով հաշտվել են, որ նախկինում առկա էին «թեթեւ խնդիրներ»:
Նկարագրելով սպանության օրը, ասել էր, թե տուժողն իրեն տեսնելով` բարկացավ, հարցնելով՝ ինչո՞ւ է կնոջը սուրճ հյուրասիրում, իսկ իրեն` ոչինչ, հայհոյել է իրեն, անգամ փորձել ձեռքի փայտով հարվածել, սակայն ինքը թույլ չի տվել, որից հետո նստել են ծառի տակ։ Ինքը Էդվարդ Մ.-ին հյուրասիրել է ուտելիքով ու օղիով, օղի չի խմել. «Մի քանի բաժակ օղի խմելուց հետո Էդվարդ Մ.-ն սկսել է խեղդվել, խռխռացնել։ Պառկեցրի նրան ծառի տակ, գլխարկը դրեցի գլխին: Երբ հեռացա, Էդվարդը ողջ էր, նա ասաց՝ հեռացի: Ես նրան չեմ սպանել»։
Ուշադրության արժանի է այն, որ իր հեռանալուց նա հավաքել է ուտելիքի մնացորդները, շշերը, բաժակները, տոպրակով նետել է Նորապատ գյուղից եկող ջրատարի մեջ։
Դատական քննության ժամանակ ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունք տալ:
Այդ պատճառով էլ հրապարակվել են նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքները:
Երեխան, որը ճանաչվել է տուժող, պատմել էր, որ մանկապարտեզի բակում խաղալիս նկատել է, որ իրենց հարեւան Հովսեփն իրեն ձեռքով կանչում է։ Ինքը չի գնացել նրա մոտ: Հովսեփը մոտեցել է, բռնել է իր ձեռքը, ինչը նա չի ցանկացել ու իրեն ձեռքից քաշելով տարել է հիվանդանոցի նկուղ: Նա ապտակել է երեխային: Դրանից երեխան վախեցել է, ցանկացել է դուրս գալ նկուղից, Հովսեփը թույլ չի տվել: Հետո եկել են տատիկը, մանկապարտեզի աշխատողները:
Երեխան իր առաջին ցուցմունքում ասել էր, թե այդ ժամանակ Հովսեփն ասել է, որ ինքը պապիկին եւ հորեղբորը չասի, որ իրեն բերել է այդտեղ։ Նկուղը մանկապարտեզի ճանապարհին է եղել, լույս չի եղել, լուսամուտ է եղել, աստիճաններով իջել են ներքեւ։ Երբ տատը եկել է, երեխան լալիս էր եւ վախից բղավում:
Տուժողի որդին հայտնել էր, որ երբ հայրը՝ Էդվարդ Մ.-ն, հորթերին արածեցնելու է տարել ու տուն չի վերադարձել, եղբոր, հարեւանների հետ սկսել են փնտրել նրան։ Հաջորդ օրը գտել են նրան՝ ծառի տակ, սպանված: Երբ իմացել է, որ հորը խեղդամահ են արել, հասկացել է, որ Հովսեփն է սպանել, քանի որ նախկինում Հովսեփ Սարգսյանի կողմից նմանատիպ փորձ կատարվել էր:
Երեխայի հայրը տատից էր իմացել, որ Հովսեփը հաճախակի հետեւում է իր երեխային. «Քանի որ Հովսեփ Սարգսյանին ճանաչել է որպես թեթեւամիտ մարդու, չի ցանկացել նրա հետ խնդիրներ ունենալ, այդ պատճառով դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին, որպեսզի նրան կարգի հրավիրեն»:
Տատն էլ ասել էր, երբ նկուղում երեխային հայտնաբերել են, մի քանի օր երեխան վախից չի խոսել: Այս մասին տատն անգամ ամբաստանյալի մորն է պատմել:
Վկա Վաղարշակ Դ.-ն ցուցմունք էր տվել, որ մի անգամ այգում լսել է գոռգոռոցի եւ վիճաբանության ձայներ, հետո տեսել է իր ուղղությամբ եկող իրենց թաղամասի բնակիչ Հովսեփին, ով իր ձեռքում ռետինե խողովակ է ունեցել, իսկ իրեն տեսնելով՝ այն թաքցրել է գրպանում։ Հովսեփի հետեւից իր ուղղությամբ է եկել նաեւ իրենց թաղամասի բնակիչ Էդվարդ Մ.-ն: Էդվարդը պատմել է, որ երբ ինքն այգում գործ էր անում, Հովսեփը դուրս է եկել ծառերի մեջից, հարձակվել վրան եւ փորձել է խեղդամահ անել։
Տուժողի իրավաջորդը ներկայացրել է քաղաքացիական հայց՝ 2.200.000 ՀՀ դրամի չափով։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
19.07.2017