Արտասահմանում ապրող ու ստեղծագործող հայաստանցի արվեստագետներին ներկայացնելիս մշտապես փաստում ենք նրանց հաջողությունները, ափսոսում, որ հայրենիքում չեն, բայց հպարտանում ենք, որ իրենց բարձրարվեստ գործունեությամբ հիացնում են օտարներին: Հաճախ էլ մխիթարվում ենք, թե նրանց միջոցով օտարները, որոնք, եթե նույնիսկ չեն էլ լսել Հայաստանի մասին, սկսում են ճանաչել մեր երկիրը, հետաքրքրվել հայ մշակույթով:
Դրսում ստեղծագործող ցանկացած հայ արտիստ, անկախ այն բանից, թե ինչ հանգամանքների բերումով է հայտնվել հայրենիքից հեռու, հարցին, թե մտադրություն չունի՞ վերադառնալու, մշտապես նույն պատասխանն է հնչեցնում. չենք կարծում, որ կա գոնե մեկ հայ, որ չցանկանա վերադառնալ:
Սակայն մինչ օրս նրանցից գոնե մեկը այդպես էլ վերջնական չի վերադարձել, իսկ արդարության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ արտերկրում արդեն տասնամյակներ շարունակ ստեղծագործող մեր մշակույթի գործիչները որոշ նախագծեր իրականացնում են հայրենիքում:
Ինչ վերաբերում է «վերջնական չվերադառնալուն», դրա արդարացումն էլ կա՝ ընդունված է ասել, որ արվեստագետը «աշխարհի քաղաքացի» է: Բայց կան աշխարհաքաղաքացի արվեստագետներ, օրինակ՝ Վլադիմիր Սպիվակովը, Յուրի Բաշմետը, մեր Սվետլանա Նավասարդյանը եւ այլն, որոնց հիմնական հանգրվանն իրենց երկիրն է, որտեղից էլ ճյուղավորվում է նրանց գործունեությունն աշխարհով մեկ:
«Առավոտի» հետ զրույցում բալետի ճանաչված արտիստ, խորեոգրաֆ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանն (լուսանկարում) էլ հավաստիացրեց, թե չի կարծում, որ դրսում ստեղծագործող որեւէ հայ արտիստ չցանկանա վերադառնալ: Իսկ երբեւէ կտեսնե՞նք Գրիգորյանների բալետային ընտանիքին վերջնականապես վերադարձած, մեր զրուցակիցը շրջանցելով հարցը, ընդամենը տեղեկացրեց, որ Երեւան այս այցի ժամանակ նախապատրաստական աշխատանքներ է տանում Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի եւ արտասահմանյան թատրոնների առաջատար մենապարողների մասնակցությամբ 2018թ. հունվար-փետրվար ամիսներին Մալայզիայում ներկայացնելու Չայկովսկու «Շչելկունչիկ», «Կարապի լիճ», Խաչատրյանի «Սպարտակ» եւ «Գայանե» բալետները «խտացրած» տարբերակով: Ասաց նաեւ, թե այդ նպատակով բանակցություններ է վարել Ազգային օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ եւ առայժմ ստացել նրա նախնական համաձայնությունը:
Լայն լսարանին հիշեցնենք Գրիգորյան բալետային ընտանիքի մասին. հայրը՝ Արմեն Գրիգորյանը, 1980-2013թթ. Երեւանի թատրոնում էր, սկզբում որպես առաջատար մենապարող, 2004-07թթ.՝ գլխավոր բալետմայստեր, մինչ վերջին պաշտոնի ստանձնումը՝ 1997-ից ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի եւ Ֆելիքս Գրիգորյանի հետ ղեկավարել է թատրոնի բալետային խումբը: Նշենք, որ իբրեւ մենապարող նա զբաղված է եղել թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումներում, իբրեւ խորեոգրաֆ ներկայացրել է բեմադրություններ, որոնցից Բիզե-Ռոդիոն-Շչեդրինի «Կարմենը» մինչ օրս խաղացանկում է: Աշխատել է Իսրայելում, Կանադայում, հայրենիքում վերջին աշխատավայրը Երեւանի պարարվեստի քոլեջն էր, որի տնօրենն էր 2009-13թթ.: Արմեն Գրիգորյանը Ռուսաստանում, մասնավորապես՝ Դոնի Ռոստովում մեծ գործունեություն է ծավալել՝ ստեղծելով պարախմբեր, հիմնելով ստուդիաներ: Նա այսօր Դոնի Ռոստովի օպերային թատրոնի գլխավոր բալետմաստերն է եւ իր հավաստմամբ՝ խաղացանկում են 17 դասական եւ ժամանակակից ներկայացումներ: Իսկ Գրիգորյանի տիկինը՝ նախկինում Երեւանի օպերային թատրոնի մենապարուհի, այնուհետեւ Երեւանի պարարվեստի քոլեջի դասատու Մարինա Գրիգորյանը Դոնի Ռոստովի պարարվեստի քոլեջի գլխավոր մեթոդիստն է:
Չէինք կարող չհետաքրքրվել նրա տաղանդավոր որդու՝ 2001 թվականից Ցյուրիխ-բալետի մենապարող Արման Գրիգորյանի գործունեությամբ: «Արմանը Ցյուրիխ-բալետում հանդես եկավ 15 տարի, իսկ հիմա նա ազատ ստեղծագործող է, շրջագայում է աշխարհում, բեմ բարձրանում բալետի արվեստի մերօրյա աստղերի հետ: Դասավանդում է նաեւ Ցյուրիխի բալետի դպրոցում, որտեղ ուսանում է կրտսեր որդիս՝ Սուրենը: Ի դեպ, հոկտեմբերին Արմանը Լա Սկալայում իրականացնելու է Հայնց Շպյորլիի «Գոլդբերգ» բալետը»,- հայտնեց Արմեն Գրիգորյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Արման Գրիգորյանը՝
տարբեր դերապարերում:
«Առավոտ»
19.07.2017